Ենս Ստոլտենբերգ. ԱՄՆ-ն և Եվրոպան միմյանց կարիքն ունեն իրենց իսկ անվտանգության համար
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Եվրոպան միմյանց կարիքն ունեն իրենց անվտանգության համար։
«Եվրոպան իր անվտանգության համար կարիք ունի Հյուսիսային Ամերիկայի։ Միաժամանակ Հյուսիսային Ամերիկան նույնպես Եվրոպայի կարիքն ունի։ Եվրոպական դաշնակիցները տրամադրում են համաշխարհային մակարդակի զինվորականներ, լայնածավալ հետախուզական ցանցեր և եզակի դիվանագիտական լծակներ: Ես միայնակ Ամերիկային չեմ հավատում, ինչպես միայն Եվրոպային չեմ հավատում։ Ես հավատում եմ Ամերիկային և Եվրոպային միասին ՆԱՏՕ-ում, քանի որ միասին մենք ավելի ուժեղ և ապահով ենք»,- ասել է Ստոլտենբերգը Բրյուսելում՝ դաշինքի 75-ամյակին նվիրված միջոցառմանը։
ՆԱՏՕ-ի արտգործնախարարներն արդեն երկրորդ օրն է Բրյուսելում են։ Նախարարների երկօրյա նիստում կքննարկվի Ուկրաինայի օգնության համար 100 միլիարդ եվրոյի հնգամյա հիմնադրամ ստեղծելու առաջարկը։ Միաժամանակ նախարարները կնշեն ՆԱՏՕ-ի հիմնադրման 75-ամյակը և կքննարկեն հուլիսին Վաշինգտոնում նախատեսված գագաթնաժողովի նախապատրաստման հարցերը։