Ենս Սթոլթենբերգ. Մենք պատրաստ ենք Ռուսաստանի հետ երկխոսության, բայց զիջումների չենք գնա այնպիսի հիմնական սկզբունքների շուրջ, ինչպիսիք են բաց դռների քաղաքականությունը և բոլոր դաշնակիցներին պաշտպանելու ՆԱՏՕ-ի իրավունքը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի խոսքով՝ դաշինքի դաշնակիցները Ռուսաստանի հետ հանդիպմանը ներկայացրել են եվրոպական անվտանգության հարցերի լայն շրջանակ։
Սթոլթենբերգի խոսքով՝ դրանց թվում եղել է ուղերձ, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։
«Շատ լարված իրավիճակի պատճառով հիմնական հարցը Ուկրաինան էր, բայց քննարկումները վերաբերում էին նաեւ Վրաստանին։ Դաշնակիցները վերահաստատել են իրենց ամուր աջակցությունը՝ նշելով, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը հավակնող երկրների և դաշնակիցների խնդիրն է, և ոչ ոք իրավունք չունի վետոյի կամ միջամտելու։ Սրանք եվրոպական անվտանգության հիմնարար սկզբունքներն են։ Հստակ ասվեց, որ Ռուսաստանի կոչերը ՆԱՏՕ-ին` կնքելու իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագիր Վրաստանի, Ուկրաինայի և հնարավոր է ապագայում Ֆինլանդիայի կամ Շվեդիայի հետ ՆԱՏՕ-ի ընդլայնումը կասեցնելու վերաբերյալ, անընդունելի էին: Սա խախտում է այն ամբողջ գաղափարը, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի որոշել իր ապագան։ Այս սկզբունքները, իհարկե, ամբողջությամբ վերաբերում են նաև Վրաստանին։ Մենք պատրաստ ենք Ռուսաստանի հետ երկխոսության, բայց զիջումների չենք գնա այնպիսի հիմնական սկզբունքների շուրջ, ինչպիսիք են բաց դռների քաղաքականությունը և բոլոր դաշնակիցներին պաշտպանելու ՆԱՏՕ-ի իրավունքը»,- ասել է Ենս Սթոլթենբերգը՝ Էստոնիայի նախագահ Ալար Կարիի հետ մամուլի ասուլիսում։