Եմենի ռազմական ուժերը «Եմենի արշալույս» գործողության շրջանակներում հարձակում են սկսել երկրի մայրաքաղաք Սանայի վրա

16:00, 05.10.2026

Եմենի ռազմական ուժերը «Եմենի արշալույս» գործողության շրջանակներում հարձակում են սկսել երկրի մայրաքաղաք Սանայի վրա: Սանան վերահսկում են շիա «հուսիները»:  

Եմենի Նախագահական ղեկավարման խորհրդի ղեկավար Ռաշադ ալ-Ալիմին հայտարարել է, որ գործողության նպատակն է վերադարձնել իրենց վերահսկողությունից դուրս մնացած տարածքը և ամբողջ երկրի մասշտաբով վերականգնել պետական իշխանությունը: Տարածված տեղեկությունների համաձայն՝ զինված ուժերն օգտագործում են առաջատար կարողություններ:  

Գործողության մեկնարկին նախորդել է Եմենի կառավարական ուժերի իրականացրած առաջխաղացումը: Ռազմական աղբյուրների փոխանցմամբ՝ «Հսկաների բրիգադները» և «Ազգային վահան» ուժերը հարվածներ են հասցրել «հուսիների» դիրքերին Դուբաբի շրջանում, որը նայում է ռազմավարական նշանակություն ունեցող Բաբ էլ-Մանդեբի նեղուցին:  

Տարածված տեղեկությունների համաձայն՝ «Ազգային վահան» ուժերը և «Հսկաների բրիգադները», ժողովրդական դիմադրության ուժերի աջակցությամբ, ազատագրել են Դուբաբի շրջանը և Բաբ էլ-Մանդեբի նեղուցի հարակից ռազմավարական դիրքերը:  

Այս առավոտ Եմենի ռազմական ուժերը հայտարարել են «հուսիների» թիրախներին հասցված մասշտաբային հարվածների մասին: Եմենի զինված ուժերի ներկայացուցիչ Մաջեդ ալ-Նուզայլին հայտնել է, որ իրենց ուժերը ավելի քան 1 000 հարված են հասցրել հուսիներին պատկանող հրետանային և հրթիռային տեղակայանքների դիրքերին, պաշտպանական ամրություններին, մոտեցման և ամրապնդման ճանապարհներին, մատակարարման գծերին ու լոգիստիկ միջոցներին, ինչպես նաև մարտական լրացուցիչ ուժերին:

Նմանատիպ