Եմենի «հութիները» պնդում են, որ Ադենի ծոցում և Բաբ ալ-Մանդաբում բալիստիկ հրթիռներով հարձակվել են ամերիկյան ռազմանավերի վրա
Եմենի «հութիները» պնդում են, որ Ադենի ծոցում և Բաբ ալ-Մանդաբում բալիստիկ հրթիռներով հարձակվել են ամերիկյան ռազմանավերի վրա։ Այս մասին հայտարարել է «հութիների» ռազմական խոսնակ Յահյա Սարին։
«Հութիների» ռազմական խոսնակի խոսքով՝ հարձակումն իրականացվել է ամերիկյան ռազմանավերի վրա, որոնք պաշտպանում էին ամերիկյան կոմերցիոն նավերը։
«Հարձակումն իրականացվել է ի պաշտպանություն ճնշված Պաղեստինի ժողովրդի և ի պաշտպանություն և համերաշխություն Գազայի հատվածում մեր եղբայրներին, ինչպես նաև ի պատասխան Ամերիկայի և Մեծ Բրիտանիայի կողմից մեր երկրի դեմ արտահայտված ագրեսիային։ Բախման արդյունքը եղավ ուղիղ հարձակում ամերիկյան նավերի վրա, ինչը ստիպեց նրանց նահանջել, և չնայած ռազմանավերի՝ մեր բալիստիկ հրթիռները որսալու փորձերին, նրանք դեռ կարողացան հասնել իրենց նպատակին»,- ասել է Յահյա Սարին։
«Հութիների» կողմից իրականացված հարձակումից հետո Maersk նավագնացային ընկերությունը հայտարարություն է տարածել:
«Նավարկության ընթացքում երկու նավերն էլ հայտնել են, որ պայթյուններ են տեսել մոտ տարածությունից», – ասվում է Maersk-ի հայտարարության մեջ: Ընկերության հաղորդմամբ, իրենց ամերիկյան դուստր ձեռնարկությունները դադարեցնում են տարանցումը Կարմիր ծովում։