Եմենի հուսիթ ապստամբները ստանձնել են Իսրայելի հարավում հարձակումների պատասխանատվությունը և հայտարարել են հրթիռային հարձակումների շարունակման մասին
Եմենի հուսիթ ապստամբները ստանձնել են Իսրայելի հարավում հարձակումների պատասխանատվությունը և հայտարարել են հրթիռային հարձակումների շարունակման մասին

Եմենում գործող հուսիթ ապստամբները ստանձնել են Իսրայելի հարավում մի շարք հարձակումների պատասխանատվությունը։ Ինչպես հայտարարել է հուսիթների խոսնակ Յահյա Սարիան հեռուստաուղերձում, Իսրայելի վրա անօդաչու թռչող սարքերով, ինչպես նաև բալիստիկ և թեւավոր հրթիռներով հարձակումն իրականացվել է՝ հաշվի առնելով Գազայի ժողովրդի հանդեպ կրոնական, բարոյական, մարդասիրական և ազգային պատասխանատվությունը։

Հուսիթների ներկայացուցչի խոսքով՝ Էյլաթ քաղաքի ուղղությամբ այսօր իրականացված հրթիռային հարձակումը հոկտեմբերի 7-ից հետո նրանց կողմից իրականացված երրորդ հարձակումն էր։ Նա հայտարարում է Իսրայելի դեմ հրթիռային և անօդաչու սարքերով հարվածների շարունակման մասին։

Այսօր առավոտյան հրթիռ է արձակվել Իսրայելի հարավում գտնվող Էյլաթ առողջարանային քաղաքի ուղղությամբ, որը խոցվել է պաշտպանական համակարգի կողմից։ Միաժամանակ իսրայելական ավիացիան ոչնչացրել է անօդաչու սարքեր։ Հուսիթները Եմենում գործում են Իրանի աջակցությամբ։ 2014 թվականից նրանք վերահսկում են Եմենի մայրաքաղաք Սանաան և երկրի մի մասը։