ԵՄ խորհուրդը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի «ստվերային նավատորմի» ավելի քան 40 նավերի նկատմամբ
Եվրոպական միության խորհուրդը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի «ստվերային նավատորմի» նկատմամբ՝ ավելացնելով 40-ից ավելի նավ։ Այս մասին նշվում է խորհրդի պաշտոնական հայտարարությունում։
Հայտարարության համաձայն, լրացուցիչ 41 նավ, որոնք մաս են կազմում Ռուսաստանի նավթային տանկերների այսպես կոչված «ստվերային նավատորմին» և նպաստում են Ռուսաստանի էներգետիկ եկամուտների աճին, ավելացվել են այն նավերի ցուցակին, որոնց արգելվում է մուտք գործել ԵՄ նավահանգիստներ, ինչպես նաև ստանալ ծովային փոխադրումների հետ կապված լայնածավալ ծառայություններ։
«Այս միջոցառման նպատակն է պայքարել այն ոչ ԵՄ անդամ տանկերների դեմ, որոնք կազմում են Պուտինի ստվերային նավատորմի մասը, շրջանցում են նավթի գնի սահմանափակման մեխանիզմը, աջակցում են Ռուսաստանի էներգետիկ ոլորտին կամ ներգրավված են այն նավատրանսպորտային գործողություններում, որոնք կապված են Ռուսաստանի համար ռազմական սարքավորումների տեղափոխման կամ Ուկրաինայից գողացված հացահատիկի տեղափոխման հետ», – ասվում է ԵՄ խորհրդի հայտարարությունում։
Հրապարակված տվյալների համաձայն՝ այս որոշումից հետո պատժամիջոցների ենթարկված նավերի ընդհանուր թիվը մոտենում է 600-ի։ Խորհուրդը ընդգծում է, որ «Եվրամիությունը պատրաստ է ավելացնել ճնշումը Ռուսաստանի և նրա ստվերային նավատորմի վրա, այդ թվում՝ լրացուցիչ պատժամիջոցների միջոցով»։