ԵՄ պատվիրակություն Վրաստանում - Եվրոպական Միությունը լիակատար աջակցություն է հայտնում Պետեր Ֆիշերին
ԵՄ պատվիրակություն Վրաստանում - Եվրոպական Միությունը լիակատար աջակցություն է հայտնում Պետեր Ֆիշերին

Եվրամիության ներկայացուցչությունը Վրաստանում հայտարարում է, որ եվրոպական միությունը լիակատար աջակցություն է հայտնում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերին։ Այս մասին առաքելությունը գրել է X սոցիալական ցանցում։

«Մեր համերաշխությունն ենք հայտնում Գերմանիայի դեսպանին։ Ինչպես նշել է ԵՄ Բարձր ներկայացուցիչը, Եվրամիությունը մերժում և դատապարտում է ապատեղեկատվությունն ու անհիմն մեղադրանքները՝ կապված Եվրամիության և նրա անդամ պետությունների դերի և գործունեության հետ Վրաստանում», – նշված է հայտարարությունում։

Նույն հաղորդագրությունում ԵՄ առաքելությունը տարածել է նաև Պետեր Ֆիշերի գրառումը, որտեղ Գերմանիայի Արտաքին գործերի նախարարությունը ևս իր աջակցությունն է հայտնում դեսպանին։

«Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը կտրականապես մերժում և դատապարտում է պարոն Պապուաշվիլու անհիմն մեղադրանքները։ Մեզ մտահոգում է, որ ապատեղեկատվության և պառակտող նարատիվների տարածման հետևանքով, որը բաժանում է մարդկանց, խաթարվում են Գերմանիայի և Վրաստանի հարաբերությունները։ Մենք կտրականապես դատապարտում ենք «Վրացական երազանքի» ներկայացուցիչների ագրեսիվ հռետորաբանությունը Գերմանիայի դեսպանի հասցեին։ Գերմանիայի դեսպանը ներկայացնում է դաշնային կառավարության դիրքորոշումը։ Գերմանիան կրկին կոչ է անում Վրաստանի իշխանություններին դադարեցնել կեղծ նարատիվների տարածումը Եվրամիության և Գերմանիայի քաղաքականության վերաբերյալ և փոխել ներկայիս քաղաքական կուրսը», – ասվում է նախարարության հայտարարությունում։

Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին X-ում գրել էր, որ այն պահին, երբ Գերմանիայի դեսպանը կատարում էր իր գրառումը, հենց այն մարդիկ, որոնց նա աջակցություն էր հայտնել, ֆաշիստական կոչերով հարձակվում էին «Վրացական երազանքի» Թբիլիսիի նախընտրական շտաբի վրա։