Եվրոպական միությունը վեց ամսով երկարաձգել է Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցների ժամկետը։ Խոսքը վերաբերում է այն սահմանափակումներին, որոնք ԵՄ-ն առաջին անգամ սահմանել էր 2014 թվականին և զգալիորեն ընդլայնել 2022-ին՝ որպես պատասխան Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ պատերազմի սկսմանը։
Այսօրվա որոշմամբ պատժամիջոցները ուժի մեջ կմնան մինչև 2026 թվականի հուլիսի 31-ը։
Սահմանափակումները ներառում են սեկտորային պատժամիջոցների լայն շրջանակ՝ առևտրի, ֆինանսների, էներգետիկայի, տեխնոլոգիաների, երկակի նշանակության ապրանքների, արդյունաբերության, տրանսպորտի և շքեղության ապրանքների ոլորտներում։
Պատժամիջոցներն ընդգրկում են նաև Ռուսաստանի նավթի և որոշ նավթամթերքների՝ ծովային ճանապարհով ԵՄ ներմուծման արգելքը, մի շարք ռուսական բանկերի դուրս բերում SWIFT վճարային համակարգից, ինչպես նաև Կրեմլին աջակցող մի շարք ապատեղեկատվական լրատվամիջոցների գործունեության սահմանափակում ԵՄ տարածքում։
Եվրոպական միությունում նշում են, որ պատրաստ են շարունակել ճնշումը Ռուսաստանի վրա՝ անհրաժեշտության դեպքում կիրառելով լրացուցիչ պատժամիջոցներ։