ԵՄ-ն ողջունում է Կոսովոյում սերբերի մուտքի նոր կանոնները մեկ ամսով հետաձգելու Պրիշտինայի որոշումը
ԵՄ-ն ողջունում է Կոսովոյի սերբերի համար նոր կանոնների ուժի մեջ մտնելը մեկ ամսով հետաձգելու Պրիշտինայի որոշումը։ Այս մասին «Twitter» սոցիալական ցանցում գրել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը։
«Ես ողջունում եմ Կոսովոյի որոշումը՝ հետաձգել միջոցառումները մինչև սեպտեմբերի 1-ը։ Ակնկալում եմ, որ բոլոր ճանապարհային արգելափակումները անմիջապես կվերացվեն։ Բաց հարցերը պետք է կարգավորվեն ԵՄ միջնորդությամբ երկխոսության միջոցով, և կենտրոնացումը պետք է լինի Կոսովոյի և Սերբիայի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորման վրա, ինչը չափազանց կարևոր է ԵՄ-ին նրանց ինտեգրման համար»,- գրում է Ջոզեֆ Բորելը։
Հիշեցնենք, որ Պրիշտինան որոշել է մեկ ամսով հետաձգել Սերբիայի քաղաքացիների համար Կոսովո մտնելու նոր կանոնների ուժի մեջ մտնելը։ Նշված պլանին հաջորդել է Կոսովոյում բնակվող սերբերի բողոքը: