ԵՄ-ն Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում
ԵՄ-ն Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում

BBC-ի հաղորդմամբ՝ Եվրոպական Միությունը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում։

ԵՄ արտաքին գործերի ղեկավար Կայա Կալասը նշել է, որ այս քայլը անհրաժեշտ է, քանի որ, նրա խոսքով, «ճնշումները չպետք է անպատասխան մնան»։

«Ցանկացած ռեժիմ, որը սպանում է իր սեփական քաղաքացիներին, ձգտում է իր սեփական ոչնչացմանը», – գրել է Կալասը սոցիալական ցանցերում։

Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները պնդում են, որ Իրանի անվտանգության ուժերը, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, դեկտեմբերին և հունվարին բողոքի ցույցերի ժամանակ սպանել են հազարավոր ցուցարարների։

ԵՄ-ի կողմից ահաբեկչական համարվող կազմակերպությունները ենթարկվում են պատժամիջոցների, այդ թվում՝ ակտիվների սառեցման և ճանապարհորդության արգելքի։