ԵՄ-ն ԱՄՆ-ի դեմ պատասխան մաքսատուրքերի սահմանումը հետաձգել է մինչև ապրիլի կեսը

19:57, 20.03.2025

Եվրոպական միությունը հետաձգել է ԱՄՆ-ի նկատմամբ հակազդող սակագների սահմանումը մինչև ապրիլի կեսերը։

Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի առևտրի հարցերով հանձնակատար Մարոշ Շեֆչովիչը Եվրոպական խորհրդարանում լսումների ժամանակ։

Եվրահանձնաժողովը նախաձեռնել էր, որ 4,5 միլիարդ եվրոյի ամերիկյան ապրանքների նկատմամբ սակագները ուժի մեջ մտնեն ապրիլի 1-ից, իսկ ապրիլի 13-ից հավելյալ սակագներ կիրառվեն 18 միլիարդ եվրոյի ապրանքների ներմուծման վրա։

«Մենք այժմ քննարկում ենք ԵՄ-ի հակազդող միջոցառումների երկու խմբերի ժամկետների համադրումը, որպեսզի հնարավոր լինի միաժամանակ խորհրդակցել անդամ երկրների հետ և այսպիսով հավելյալ ժամանակ տրվի բանակցությունների համար ամերիկյան գործընկերների հետ»,- ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը։

ԵՄ-ի հակազդող միջոցառումների առաջին փուլը նախատեսում է 50%-անոց հարկի սահմանում ամերիկյան բուրբոնի վրա։

Ի պատասխան՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սահմանելու է 200%-անոց սակագներ ԵՄ-ից ներմուծվող բոլոր ալկոհոլային խմիչքների համար, եթե ԵՄ-ն ընդունի այդ միջոցառումը։

Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է նաև ապրիլի 2-ից կիրառել պատասխան սակագներ՝ գլոբալ առևտրային համակարգի հավասարակշռման նպատակով։

Նմանատիպ