ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհրդի նիստում քննարկվել է գործընկերության նոր օրակարգը՝ ներառյալ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու հեռանկարները
ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհրդի նիստում քննարկվել է գործընկերության նոր օրակարգը՝ ներառյալ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու հեռանկարները

Բրյուսելում կայացել է ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհրդի հինգերորդ հանդիպումը։ Այս մասին տեղեկություն է տարածում Եվրոպական խորհուրդը։

Նիստը նախագահում էր Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը, իսկ հայկական պատվիրակությունը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Եվրոպական խորհրդի տարածած տեղեկատվության համաձայն՝ հանդիպումը ևս մեկ անգամ հաստատեց Եվրամիության և Հայաստանի փոխադարձ շահագրգռվածությունն ու հանձնառությունը՝ ամրապնդելու և խորացնելու հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա։ Այդ նպատակով նրանք պայմանավորվել են սկսել աշխատել ԵՄ-Հայաստան գործընկերության նոր օրակարգի վրա:

«ԵՄ-ն և Հայաստանը քննարկել են ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը և ողջունել ձեռք բերված առաջընթացը։ Խորհուրդը քննարկել է Հայաստանի բարեփոխումները, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները, տնտեսական, առևտրային և ոլորտային համագործակցությունը, միգրացիան, ինչպես նաև վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու հեռանկարները»,- ասված է Եվրոպական խորհրդի հաղորդագրության մեջ։

Խորհրդի փոխանցմամբ՝ հանդիպման մասնակիցները քննարկել են նաև տարածաշրջանային խնդիրներ և արտաքին անվտանգության քաղաքականությունը։ Եվրամիությունը հայտարարեց նաև 5,5 միլիոն եվրո հավելյալ գումար հատկացնելու մասին՝ ղարաբաղցի հայերին աջակցելու համար։

Ինչպես նշվում է Եվրոպական խորհրդի տեղեկատվության մեջ, կողմերն ընդգծել են նաև Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման անհրաժեշտությունը։