ԵՄ երկրները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի շուրջ, որը կազդի հեղուկ բնական գազի ոլորտի վրա
ԵՄ երկրները համաձայնության են եկել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ, որը կազդի հեղուկ բնական գազի ոլորտի վրա։
Այս մասին սոցցանցում տեղեկություն է տարածում Եվրամիության խորհուրդը նախագահող երկիրը։
«Եվրամիության դեսպանները համաձայնության են եկել պատժամիջոցների ուժեղ և էական 14-րդ փաթեթի շուրջ՝ ի պատասխան Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի։ Փաթեթը նախատեսում է նոր նպատակային միջոցառումներ՝ մինչ այժմ սահմանված պատժամիջոցների ազդեցությունը առավելագույնի հասցնելու, ինչպես նաև առկա բացերը վերացնելու տեսանկյունից»,- ասված է հաղորդագրությունում։
ԵՄ 27 երկրների պաշտոնյաները պատժամիջոցների փաթեթը քննարկում էին ավելի քան մեկ ամիս։ Նոր միջոցները ներառում են ռուսական հեղուկացված բնական գազի առաքումների արգելք և ԵՄ-ում գրանցված օպերատորների, նրանց դուստր ձեռնարկությունների և գործընկերների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու պլաններ՝ երրորդ երկրներում պատժամիջոցները խախտելու համար:
Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Գերմանիան արգելափակում է Ռուսաստանի համար ԵՄ պատժամիջոցների 14-րդ փաթեթի սահմանումը։
Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, դեսպանների հանդիպման ժամանակ Գերմանիան մտահոգություն է հայտնել սահմանափակող միջոցների երկարաձգման վերաբերյալ՝ մտավախություն ունենալով, որ նոր միջոցները կստիպեն ԵՄ ընկերություններին ապահովել, որ իրենց հաճախորդները չվաճառեն արգելված ապրանքները Մոսկվային: