ԵՄ առաջնորդների գագաթնաժողովը տեղի կունենա այսօր Բրյուսելում
ԵՄ առաջնորդների գագաթնաժողովը տեղի կունենա այսօր Բրյուսելում

Այսօր Բրյուսելում կկայանա Եվրոպական միության առաջնորդների գագաթնաժողովը, որը կտևի երկու օր։ Հանդիպման ընթացքում առաջնորդները պետք է որոշեն, թե ինչպես ապահովել Ուկրաինայի ֆինանսավորումը 2026-2027 թվականներին, այդ թվում՝ ռազմական և պաշտպանական կարիքների համար։ Քննարկվելու են նաև Ուկրաինայի անվտանգության երաշխիքները և խաղաղության հաստատման դիվանագիտական ջանքերը։

Գագաթնաժողովում քննարկման թեմա կլինի նաև թեկնածու երկրների՝ Եվրամիություն անդամակցելու գործընթացը և այս ուղղությամբ արձանագրված առաջընթացը։ Եվրոպական միության ղեկավարները կքննարկեն, թե ինչպես կարող է ԵՄ-ն պաշտպանել իրեն արտաքին տնտեսական և քաղաքական ճնշումներից, ինչպես նաև՝ ինչպես բարձրացնել մրցունակությունը։ Օրակարգում ընդգրկված են նաև բյուջետային հարցերը, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, եվրոպական պաշտպանությունը և միգրացիան։

Գագաթնաժողովը կվարի Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։ Հանդիպմանը կմասնակցի նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։