ԵՄ առաջնորդները միգրացիոն քաղաքականության հարցում համաձայնության չեն եկել
ԵՄ առաջնորդները միգրացիոն քաղաքականության հարցում համաձայնության չեն եկել

Բրյուսելում անցկացված Եվրամիության գագաթնաժողովի մասնակիցները միգրացիոն քաղաքականության քննարկման ժամանակ չեն կարողացել առաջընթացի հասնել: Այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Նա ընդգծել է, որ եվրոպացի քաղաքական գործիչներին «հստակ խնդիր» է առաջադրված՝ մինչեւ 2018-ի հունիս շարունակել այս խնդրի լուծման աշխատանքները, փոխանցում է DW-ն:

Անգելա Մերկելը միաժամանակ հայտնել է ԵՄ արտաքին սահմանների պաշտպանության գործում որոշակի առաջընթացի մասին, մասնավորապես՝ Թուրքիայի հետ համաձայնագրի եւ Լիբիայի հետ համագործակցության շնորհիվ: Սակայն, նրա խոսքով, այս գործում «ներքին համերաշխության» անհրաժեշտություն կա: Գերմանիայի կանցլերը նշել է, որ դժգոհ է այն բանի «պարզ արձանագրմամբ», որ միգրացիոն խնդրի լուծման մինչեւ հիմա գոյություն ունեցող տարբերակները չեն աշխատել:

Եվրամիության 28 երկրները արդեն մի քանի տարի է՝ չեն կարողանում համաձայնության գալ փախստականների խնդիրներին վերաբերող մի շարք հարցերում: Վեճերն առաջին հերթին վերաբերում են հարցին, թե նոր միգրացիոն ճգնաժամի դեպքում ինչպես օգնեն երկրներին, որոնք կընդունեն փախստականների հիմնական զանգվածին: Եվրահանձնաժողովը եւ մի քանի երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, կողմ են տեղաբաշխման այն տարբերակին, որով կնախատեսվեր փախստականներին ընդունելու պարտավորություն, համենայնդեպս՝ նրանց հոսքի կտրուկ ավելացման դեպքում: Սակայն Լեհաստանը, Հունգարիան եւ Չեխիան այս հարցում հարկադրանքի ցանկացած  ձեւ մերժում են: