Եգիպտոսի Տաբա և Նուվեյբա քաղաքներում հրթիռի ընկնելու հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է, Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ Տաբայում ընկած հրթիռը հավանաբար արձակվել է Եմենից
Եգիպտոսի Կարմիր ծովի ափին գտնվող երկու քաղաքներում հրթիռի ընկնելու հետեւանքով մի քանի մարդ է տուժել։ Այս մասին տեղեկություն է տարածում «Ռոյթերս» գործակալությունը։
Ինչպես գործակալությանը հայտնել են Եգիպտոսի անվտանգության ծառայության երկու աղբյուրներ, պայթյունները տեղի են ունեցել Սինայի թերակղզու բնակավայրերում, մասնավորապես՝ Իսրայելի հետ սահմանի մոտ գտնվող Տաբա քաղաքում և 70 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Նուվեյբա քաղաքում։ Եգիպտոսի առողջապահության նախարարության տվյալներով՝ Տաբայում տուժել է վեց մարդ։
Եգիպտական կողմն ասում է, որ դեռ տեղեկություններ են հավաքում։ Ըստ եգիպտական լրատվամիջոցների՝ Տաբայում ընկած հրթիռը կապված է ՀԱՄԱՍ-ի եւ իսրայելական բանակի միջեւ շարունակվող մարտերի հետ։
Իսրայելի պաշտպանության բանակը արձագանքել է միջադեպին։ Ըստ խոսնակ Դանիել Հագարիի՝ Եգիպտոսի Տաբա քաղաքում ընկած հրթիռը, հավանաբար, արձակվել է Եմենից։