Եգիպտոսի, Ֆրանսիայի և Հորդանանի ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ պահանջելով անհապաղ հրադադար հաստատել Գազայում
Եգիպտոսի, Ֆրանսիայի և Հորդանանի ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել՝ պահանջելով անհապաղ հրադադար հաստատել Գազայում։
Հորդանանի թագավոր Աբդուլլահի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հայտարարությունում խոսվում է երկու պետությունների միջոցով հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտության մասին։
«Հաշվի առնելով մարդկային անտանելի զոհաբերությունը՝ մենք՝ Եգիպտոսի, Ֆրանսիայի և Հորդանանի ղեկավարներս, կոչ ենք անում անհապաղ և անվերապահորեն իրականացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2728 բանաձևը», – ասված է հայտարարության մեջ։
Կարևորելով Գազայի հարավային Ռաֆահ քաղաքում ստեղծված ճգնաժամային իրավիճակը, որտեղ ապաստան են գտել ավելի քան 1,5 միլիոն պաղեստինցի խաղաղ բնակիչներ, առաջնորդները նախազգուշացրել են «հետագա ռազմական գործողությունների սարսափելի հետևանքների» մասին և ընդգծել իրենց աջակցությունը խաղաղ բնակչության պաշտպանությանը:
Երեք երկրների ղեկավարները դատապարտել են բռնությունը, ահաբեկչությունը և վերահաստատել են բոլոր կողմերի կողմից միջազգային մարդասիրական իրավունքը հարգելու անհրաժեշտությունը։
«Մենք դատապարտում ենք մարդասիրական օգնության աշխատակիցների սպանությունը, վերջերս տեղի ունեցած հարձակումը «World Central Kitchen»-ի վրա»,- ասված է հայտարարության մեջ։