ԵԱՏՄ անդամ երկրներից սահմանափակվել է ալյուրի, հնդկաձավարի, սոխի, սխտորի, բրնձի արտահանումը
Կորոնավիրուսի տարածումից հետո «Եվրասիական տնտեսական միության» անդամ երկրներից սահմանափակվել է սննդամթերքի արտահանումը: Որոշումն ուժի մեջ է մտել ապրիլի 12-ից:
Սահմանափակումը վերաբերում է սոխին, սխտորին, բրնձին, հնդկաձավարին, սոյային, ինչպես նաև որոշ կատեգորիայի ալյուրին, հնդկաձավարից պատրաստված սննդին և արևածաղկի սերմերին: Նշված ապրանքի արտահանումը սահմանափակվում է մինչև հունիսի 30-ը:
Ինչպես նշված է «Եվրասիական տնտեսական միության» կոլեգիայի կողմից կայացված որոշման մեջ, այս սահմանափակումը «կապահովի սանիտարական և համաճարակաբանային իրավիճակի սրման ժամանակ ցանկում տրված սննդամթերքի անխափան մատակարարումը բնակչությանը»:
Բացի այդ, ԵԱՏՄ անդամ պետությունները տարբեր սննդամթերքի դեֆիցիտ ծագելու դեպքում կուսումնասիրեն նաև միմյանց օգնելու հնարավորության հարցը:
ԵԱՏՄ կազմում են՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Հայաստանը, Բելառուսը և Ղրղզստանը: