Եգիպտոսի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 235-ի. Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել
Եգիպտոսի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 235-ի. Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել

Սինայի հյուսիսի մզկիթներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 235-ի։ Այս մասին հայտնում է Եգիպտոսի պետական հեռուստատեսությունը՝ հղում անելով դատախազությանը։

Ահաբեկիչներն ուրբաթօրյա աղոթքի ժամանակ ներխուժել էին էլ-Արիշ քաղաքից արևմուտք գտնվող Բիր էլ-Աբդ գյուղի մզկիթ և գործի դրել պայթուցիկ սարք, իսկ այնուհետև կրակել մզկիթից փախչող մարդկանց վրա։ Տեղեկություն կա, որ ահաբեկիչերը կրակել են նույնիսկ շտապօգնության մեքենաների վրա, որոնք փորձել են պայթյունի վայրից տեղափոխել վիրավորներին։

Sky News Arabia-ն՝ հղում անելով անվտանգության մարմինների աղբյուրին, հայտնում է, որ եգիպտական անօդաչուները ոչնչացրել են 15 արմատականների։ Նշվում է, որ թռչող սարքերը հրթիռային հարվածներ են հասցրել երկու արտաճանապարհային մեքենաների Սինայի հյուսիսի անապատում՝ ահաբեկչության վայրից ոչ հեռու։