Խորվաթիան 11 մետրանոց հարվածաշարում հաղթեց Բրազիլիային և կխաղա կիսաեզրափակչում #1TVSPORT
Խորվաթիայի հավաքականը դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։ Այս հավաքականը 11 մետրանոց հարվածաշարում հաղթեց աշխարհի առաջնության գլխավոր ֆավորիտներից մեկին՝ Բրազիլիային։
Քաթարում ընթացող աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչը բացվեց Խորվաթիա – Բրազիլիա խաղով։ Չնայած այն հանգամանքին, որ աշխարհի փոխչեմպիոնները բարդ մրցակից են ցանկացած թիմի համար, Բրազիլիայի հավաքականը, անշուշտ, համարվում էր ֆավորիտ։ Սակայն մարտունակ ու պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներից կազմված թիմն արժանի դիմադրություն ցույց տվեց աշխարհի ամենատիտղոսակիր թիմին։
Բրազիլիայի հավաքականը մի փոքր առավելություն ուներ, սակայն խաղն ընթացավ հավասար պայքարում։ Հանդիպման առաջին խաղակեսում թիմերին չհաջողվեց բացել հաշիվը: Երկրորդ խաղակեսում իրավիճակն էլ ավելի լարվեց։ Չնայած երկկողմանի գրոհներին ու բարձր տեմպին, գոլ չգրանցվեց։ Հանդիպման երկրորդ խաղակեսը եւս 4 լրացուցիչ րոպեներից հետո ավարտվեց առանց գոլի։
Սահմանվեց լրացուցիչ ժամանակ։ Երկու թիմերի ֆուտբոլիստները զգուշավոր էին և խուսափում էին խաղը սրել։ Աճեց նաեւ կոպտությունը հատկապես խորվաթական կողմից։ Առաջին ավելացված ժամանակի վերջում բրազիլացիները, այնուամենայնիվ, հասան նպատակին. Բրազիլացիների հերթական գրոհը Նեյմարը պսակեց գոլով` 1:0:
Սա Նեյմարի 77-րդ գոլն էր Բրազիլիայի հավաքականում, իսկ ութերորդը՝ աշխարհի առաջնություններում։ Այս ցուցանիշով Նեյմարը հավասարվեց լեգենդար Պելեին՝ որպես Բրազիլիայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու: Լրացուցիչ ժամանակի երկրորդ շրջանում Խորվաթիան փորձեց անցնել գրոհի ու փրկել հանդիպումը։ Եվրոպացիները մի քանի դրվագներում վտանգավոր գրոհեցին, իսկ Պետկովիչը գոլի վերածեց Խորվաթիայի գրոհներից մեկը՝ 1:1։
120 րոպե տեւած հանդիպումը շարունակվեց 11 մետրանոցների շարքով, որը դարպասապահ Լիվակովիչի շնորհիվ Խորվաթիան հաղթեց 4:2 հաշվով ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կհանդիպի Արգենտինա-Հոլանդիա խաղի հաղթողի հետ։