Մենք որոշում ենք կայացրել սուբսիդավորել խնձորը, պետք է խրախուսենք և աջակցենք մեր ֆերմերներին, որպեսզի ոչ ստանդարտ խնձոր չվաճառվի, ֆերմերները համապատասխան եկամուտ ստանան,- կառավարությունում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Վարչապետի խոսքով, ծրագրում կներգրավվեն շուրջ 20 ձեռնարկություններ և կստեղծվի համապատասխան համակարգող խորհուրդ, որը կգլխավորի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան։
«Խնձորի սուբսիդավորման հարցով որոշում ենք կայացրել, պարոն Օթար Շամուգիան պատրաստել է այս հարցը։ Այս տարի ակնկալում ենք 120 հազար տոննա խնձոր։ Նախորդ տարիներին սուբսիդիաներ ենք տրամադրել, այս տարի էլ կանենք։ Ինչպես գիտեք, Գորիի և Քարելիի մունիցիպալիտետներում հատուկ ուշադրություն է դարձվում խնձորի արտադրությանը, ուստի անհրաժեշտ է խրախուսել մեր ֆերմերներին և աջակցել նրանց, որպեսզի ոչ ստանդարտ խնձորի ոչ մի կիլոգրամ չմնա, և ֆերմերները ստանան համապատասխան եկամուտ: Մոտ 20 ձեռնարկություն կներգրավվի այս ծրագրում, Օթար Շամուգիան կկազմի համապատասխան համակարգող շտաբ, և ամեն ինչ կլուծվի ամենաբարձր մակարդակով»,- ասել է կառավարության ղեկավարը։