Խավիեր Կոլոմինա. Վրաստանը ՆԱՏՕ-ի շատ կարևոր գործընկեր է, մենք ցանկանում ենք համապարփակ հարաբերություններ ունենալ Վրաստանի հետ
Վրաստանը ՆԱՏՕ-ի շատ կարևոր գործընկեր է, այն արդեն օգտագործում է մեր տրամադրության տակ եղած բոլոր գործնական մեխանիզմներով: Մենք ցանկանում ենք Վրաստանի հետ ունենալ համապարփակ հարաբերություններ, – հայտարարել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան՝ Վրաստանի փոխվարչապետ և արտգործնախարար Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպումից հետո:
Խավիեր Կոլոմինան միաժամանակ վերահաստատեց դաշինքի ուժեղ աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև նրա եվրատլանտյան ձգտումներին:
«Ես այսօր առավոտյան վարչական սահմանին էի: Ինձ վրա մեծ տպավորություն թողեց այն, ինչ տեսա տեղում, ինչպես նաև վրացական կողմի տրամադրած մանրամասն տեղեկությունները: Իրոք լավ էր, որ ես իմ աչքերով տեսա այն, ինչի մասին կարդում էի վերջին շաբաթների այցի պլանավորման շրջանում», – ասել է Կոլոմինան:
Խավիեր Կոլոմինան նաև նշել է ՆԱՏՕ-ի միջազգային խաղաղապահ առաքելության մեջ Վրաստանի ունեցած նշանակալի ներդրումը, ինչպես նաև Աֆղանստանից մարդասիրական և տարհանման գործընթացների կառավարումը և երախտագիտություն հայտնել վրացական կողմին:
«Ես կցանկանայի երախտագիտություն հայտնել այն նշանակալի ավանդի համար, որը ձեր երկիրը ներդրել է Աֆղանստանում վերջին տարիներին՝ որպես հիմնական ներդրող երկրներից մեկը: Հատկանշական է նաեւ Վրաստանի դերը Աֆղանստանից տարհանման գործընթացում», – ասել է Խավիեր Կոլոմինան:
Խավիեր Կոլոմինան Վրաստան է այցելել տարածաշրջանային շրջագայության շրջանակներում:
Տեղեկությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը: