Խաղաղ զինադադարի երրորդ օրը ՀԱՄԱՍ-ը կազատի եւս 13 պատանդի։ Այս մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները։ Ինչպես հայտնի է, Իսրայելի վարչապետի աշխատակազմն արդեն ստացել է պատանդների ցուցակը, որոնց ՀԱՄԱՍ-ը նախատեսում է ազատ արձակել այսօր։ Այս ցուցակն այժմ կստուգվի իսրայելական անվտանգության ուժերի կողմից, ապա տեղեկություն կտրամադրվի պատանդների ընտանիքներին։
Ըստ լրատվամիջոցի՝ ՀԱՄԱՍ-ի կազմած ցուցակում կան նաեւ ԱՄՆ քաղաքացիներ։
Տեղեկության համար՝ նոյեմբերի 25-ին ՀԱՄԱՍ-ի ռազմական թեւի ներկայացուցիչները Կարմիր խաչի անդամներին են հանձնել 20 պատանդների, այդ թվում՝ 13 իսրայելցիների եւ յոթ օտարերկրացիների։ Իսրայելն իր հերթին ազատ է արձակել 39 պաղեստինցու, այդ թվում՝ վեց կնոջ և 33 անչափահասի։
Ավելի վաղ՝ նոյեմբերի 24-ին, ՀԱՄԱՍ-ը ազատ էր արձակել հոկտեմբերի 7-ին պատանդ վերցված 13 իսրայելցիների և 11 օտարերկրացիների։
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև խաղաղ հրադադարը պետք է տևի չորս օր: Այս ընթացքում ընդհանուր առմամբ ազատ կարձակվի 50 պատանդ, իսկ 150 պաղեստինցի կլքի իսրայելական բանտերը։ Բացի այդ, զինադադարի պայմանները նախատեսում են օրական վեց ժամով դադարեցնել իսրայելական ավիացիոն թռիչքները Գազայի հատվածի օդային տարածքում, Իսրայելի կողմից մարդասիրական օգնությունով բեռնված 200 մեքենաների և վառելիքով բեռնված չորս բեռնատարների մուտքը Գազայի հատված ամեն օր։