«WizzAir»-ը մարտի 16-ից մինչև ապրիլի 3-ը դադարեցնում է չվերթները Վրաստանից դեպի Ավստրիա, Ֆրանսիա, Գերմանիա և Իսպանիա
«WizzAir» ավիաընկերությունը ժամանակավորապես կդադարեցնի չվերթները Վրաստանից դեպի Ավստրիա, Ֆրանսիա, Գերմանիա և Իսպանիա՝ մարտի 16-ից ներառյալ ապրիլի 3-ը: Այս մասին ասված է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ:
Չվերթների դադարեցումը կապված է նոր կորոնավիրուսի համաճարակի հետ:
Տվյալ ժամանակահատվածում այս չորս երկրների ուղղությամբ ավիատոմսերը գնած ուղևորներին ուղեվճարը 120 տոկոսի չափով կվերադարձվի «WizzAir»-ի հաշվեկշռին: Գումարը նրանք կկարողանան օգտագործել առաջիկա 24 ամիսների ընթացքում:
Ուղևորները նաև կունենան գումարը վերադարձնելու հնարավորություն, չնայած ինչպես ասում են ընկերությունում՝ դա ավելի շատ ժամանակ կպահանջի, և հաճախորդներին այս մասին կտեղեկացվի էլ. փոստով: Գումարի վերադարձման դեպքում ուղևորներին կփոխհատուցվի տոմսի գնի 100% -ը:
Այն ուղևորները, ովքեր տոմսերը գնել են տարբեր գործակալությունների միջոցով, պետք է կապվեն այդ գործակալությունների հետ:
«WizzAir» ավիաընկերությունը ներողություն է խնդրում հաճախորդներից ստեղծված անհարմարության համար: