«WIZZ AIR» ավիաընկերությունը 3-րդ ինքնաթիռն է ավելացրել Քութաիսիի բազայում
Հունգարական «WIZZ AIR» ավիաընկերությունը Քութաիսիի միջազգային օդանավակայանում ավելացրել է 3-րդ օդանավը։ Նորագույն «Airbus A321 neo» օդանավը կգործի հինգ բոլորովին նոր երթուղիներով, ինչի արդյունքում վրացի ուղևորներն այժմ կկարողանան մեկնել Բրյուսելի Շառլերուա, Ֆրանկֆուրտ Հան, Համբուրգ, Մադրիդ և Պոզնան։
Վրաստանի Օդանավակայանների ասոցիացիայի տվյալներով՝ լրացուցիչ հզորությունը «Wizz Air-ին» թույլ է տալիս ավելացնել թռիչքների հաճախականությունը բազայից դեպի Մյունխեն, Մեմմինգեն, Միլան, Փարիզ Բովե և Պրահա։
«Այս քայլով բազայից երթուղիների թիվը հասել է 27-ի։ Այս երթուղիները Դավիթ Աղմաշենեբելի Քութաիսիի միջազգային օդանավակայանը կապում են Եվրոպայի և բազմաթիվ այլ ուղղությունների հետ։ Բազայում երրորդ ինքնաթիռ ավելացնելով և վրացական ցանցում նոր երթուղիներ բացելով՝ «Wizz Air»-ն ամրապնդում է իր առաջատար դիրքերը շուկայում՝ որպես Քութաիսիից ամենամեծ ավիաընկերություն», – ասվում է հայտարարության մեջ:
«Wizz Air»-ի կապի մենեջեր Ժաժա Տրուբեկի խոսքով, ինքը ուրախ է, որ վրացի ճանապարհորդների համար ավելի շատ նոր ուղղություններ են հասանելի։
«Մենք ուրախ ենք ողջունել մեր երրորդ ինքնաթիռը Քութայիսիում: Նշենք, որ մեկ տարի էլ չի անցել այն օրվանից, երբ մենք նշեցինք երկրորդ բազային ինքնաթիռի համալրումը։ Հուզիչ է դիտել մեր ընդլայնումը շուկայում, և ես ուրախ եմ, որ ավելի ու ավելի շատ նոր ուղղություններ են հասանելի մեր վրացի ճանապարհորդների համար: Նոր ինքնաթիռի Քութայիսի ժամանումից հետո մենք ավելացրել ենք ավելի քան 170 000 ուղևորների նստատեղեր Վրաստանից, և առաջարկվող նստատեղերի ընդհանուր թիվը այժմ հասել է 800 000-ի: Ես անհամբեր սպասում եմ ապագայում նմանատիպ միջոցառումների, որպեսզի կիսեմ երջանկությունը մեր ուղևորների և Վրաստանի Միացյալ օդանավակայանների հետ»,- ասել է Ժաժա Տրուբեկը։
Օդանավակայանների միության տնօրեն Իրակլի Քարքաշաձեի խոսքերով, բազմաթիվ բանակցություններ են ընթանում նոր ուղղություններ ներգրավելու և գործող չվերթների քանակն ավելացնելու համար։