«Wall Street Journal» - Իլոն Մասկը միլիոնավոր դոլարներով կֆինանսավորի Դոնալդ Թրամփի նախընտրական արշավը
Միլիարդատեր Իլոն Մասկը միլիոնավոր դոլարներով կֆինանսավորի Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավը։ Ինչպես գրում է «Wall Street Journal»-ը, Մասկը պատրաստ է ամեն ամիս 45 միլիոն դոլար նվիրաբերել Թրամփի նախընտրական արշավին։
Մասկը գումարը կփոխանցի America PAC՝ քաղաքական գործողությունների հանձնաժողովին։ Մինչ այդ Bloomberg գործակալությունը գրել էր, որ Մասկն արդեն գաղտնի զգալի գումար է փոխանցել այս կազմակերպությանը։
Ինչպես գրում է «Bloomberg»-ը, America PAC-ն անմիջականորեն կապված չէ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի հետ, թեև այն աշխատում է կուլիսներում՝ ի շահ ԱՄՆ նախկին նախագահի։ Մասնավորապես, իրականացնում է ընտրողների ագիտացիա և վերահսկում լրատվամիջոցներում նյութերի տեղադրումը։
Ըստ «Wall Street Journal»-ի՝ America PAC-ն ընտրողներին գրանցում է այսպես կոչված սվինգ նահանգներում և կոչ է անում իրենց ընտրությունը հայտնի դարձնել մինչև նոյեմբերի 5-ը՝ քվեարկության օրը։
ԱՄՆ-ում քաղաքական գործողությունների հանձնաժողովները կազմակերպություններ են, որոնք միավորում են դոնորներին, որոնք ֆինանսավորում են նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավը։ Այդ հանձնաժողովներին փոխանցվելիք գումարի չափը սահմանափակված չէ։