Վթարային տների փոխարինման ծրագրի շրջանակում ավարտվել է Կալաուբանի փողոցի շենքի շինարարությունը
Մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն իր տեղակալ Իրակլի Բենդելիանիի հետ միասին ծանոթացել է Սամգորի թաղամասի, Կալաուբանի փողոցում գտնվող վթարային տան փոխարինման ընթացիկ նախագծին։
Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշված հասցեում 4 հարկանի կիսաքանդ շենքի փոխարեն արդեն ավարտվել է 10 հարկանի բնակելի շենքի եւ ստորգետնյա ավտոկայանատեղիի շինարարությունը։
«Այստեղ ապրում էր 36 ընտանիք։ Նրանց հետ բանակցություններ են վարվել։ Ժամանակավոր ուղարկել ենք վարձով ապրելու, ծախսերը հոգում է քաղաքապետարանը։ Ինչ վերաբերում է նախագծին, ապա շենքի շինարարությունն ավարտված է։ Ներկայումս ավարտական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Առաջիկայում կսկսենք ներքին վերանորոգման աշխատանքները։ Հոկտեմբերին այս 36 ընտանիքները կկարողանան ապրել կոկիկ և վերանորոգված տներում։ Ես շատ ուրախ եմ, որ այս ծրագիրը հաջողությամբ է աշխատում: Ցավոք սրտի, քաղաքում ունենք բազմաթիվ կիսավեր շինություններ։ Մեր ցանկությունն է այդ շենքերից հնարավորինս շատ փոխարինել նորերով։ Մենք պատրաստ ենք աջակցել բոլոր շահագրգիռ կողմերին և հնարավորինս շատ նախագծեր իրականացնել»,- ասել է Կախա Կալաձեն։
Տեղում էին նաեւ Թբիլիսիի զարգացման հիմնադրամի ղեկավար Գիորգի Պապավան, Սամգորիի շրջանի գամգեբելի Կախա Սամխարաձեն եւ Թբիլիսիի սակրեբուլոյի մեծամասնական պատգամավոր Ռեւազ Սոխաձեն։
Թբիլիսիի քաղաքապետարանի հաղորդմամբ, բնակելի տան հիմնական շինարարական աշխատանքներն ավարտվել են։ Ներկայումս 7-րդ հարկում անցկացվում են էլեկտրալարերի, սվաղման, ջեռուցման, ջրամատակարարման և կոյուղու բարեկարգման աշխատանքներ։ Նորակառույց բնակելի շենքն ունի 90 բնակարան։ Դրանցից 36-ը վերանորոգված կհանձնվի սեփականատերերին, իսկ 54 բնակարանը՝ սպիտակ շրջանակով: Յոթ միավոր ավտոկայանատեղի տրամադրվում է մատակարարին շինարարական աշխատանքների արժեքի բնաիրային հաշվարկի նպատակով։