ՎՏԲ բանկ Վրաստանը իրավաբանական անձանց ավանդների և վարկերի մի մասը կփոխանցի Լիբերթի բանկին
ՎՏԲ բանկ Վրաստանը իրավաբանական անձանց ավանդների և վարկերի մի մասը կփոխանցի Լիբերթի բանկին

Վրաստանի Ազգային բանկը հայտարարություն է տարածել ֆինանսական հատվածում ընթացող փոփոխությունների վերաբերյալ։

«Ինչպես արդեն հայտնի է հանրությանը, Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացվող ագրեսիվ ռազմական գործողությունների պատճառով ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Եվրամիությունը և այլ երկրներ ֆինանսական պատժամիջոցներ են կիրառել ռուսական ֆինանսական համակարգի նկատմամբ։ Ազգային բանկը նաև հանձնարարել է վրացական ֆինանսական հատվածի ներկայացուցիչներին կատարել պատժամիջոցներով ստանձնած պարտավորությունները։

Նշված պատժամիջոցները տարածվել են նաև Վրաստանում գործող ՎՏԲ Վրաստան բանկի վրա։ Այս պայմաններում առաջնային խնդիր էր բանկի հաճախորդների իրավունքների պաշտպանությունը։ Այդ նպատակով ՎՏԲ Բանկ Վրաստանի և Բազիս Բանկի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի՝ ՎՏԲ Բանկ Վրաստանի ֆիզիկական անձանց ավանդներն ու վարկերը փոխանցվել են Բազիս բանկին։ Ավանդատուների շահերի առավելագույն պաշտպանությունն ապահովելու նպատակով շարունակվել են խորհրդակցությունները ֆինանսական հատվածի ներկայացուցիչների միջև։ Խորհրդակցությունների արդյունքում ՎՏԲ Վրաստան Բանկի և Լիբերթի Բանկի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի՝ ՎՏԲ Վրաստան Բանկի ավանդների և իրավաբանական անձանց վարկերի որոշակի մասը փոխանցվելու է Լիբերթի Բանկին։ Այս մասին բանկերը մանրամասն տեղեկատվություն են տրամադրում ՎՏԲ Վրաստան Բանկի հաճախորդներին անհատապես:

Համաձայնագրով նախատեսվում է փոքր և միջին բիզնեսի ավանդների և վարկերի փոխանցում Լիբերթի Բանկին։ Հաճախորդների տեղափոխման աշխատանքները մեկնարկել են, և մարտի 3-ից Լիբերթի Բանկը կսպասարկի ՎՏԲ Վրաստան Բանկի փոքր և միջին բիզնեսի ավանդատուներին և վարկառուներին իր մասնաճյուղերում։ ՎՏԲ Վրաստան Բանկի հաճախորդներին կուղարկվեն համապատասխան հաղորդագրություններ: Տեղեկատվությունը հասանելի կլինի նաև ՎՏԲ Բանկ Վրաստանի հեռախոսային կենտրոնից և սպասարկման բանկիրներից:

«Մենք կրկնում ենք, որ Վրաստանի Ազգային բանկը միշտ լիովին համապատասխանում է միջազգային բանաձևերով սահմանված չափանիշներին և կատարում է իր առաջնահերթ խնդիրներից մեկը՝ լինել Վրաստանի ֆինանսական հատվածում յուրաքանչյուր ավանդատուի պաշտպանության երաշխավորը», – ասվում է հայտարարության մեջ։