Վրաստանում նոր հանգստավայրեր և զբոսաշրջային վայրեր ստեղծելու համար ներդրումային ծրագրեր են նախապատրաստվել
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանձնարարությամբ էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը նոր խոշոր ներդրումային նախագծեր է պատրաստել՝ ուղղված Վրաստանում նոր հանգստավայրերի և զբոսաշրջային վայրերի ստեղծմանը։ Տեղեկությունը տարածում է կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Վարչապետի գլխավորությամբ կայացած աշխատաժողովում քննարկվել են շուրջ 40 ներդրումային առաջարկներ, որոնք ներառում են զբոսաշրջային նոր օբյեկտների զարգացում ամբողջ երկրում, ինչպես նաև արդյունաբերական և լոգիստիկ նախագծեր: Քննարկված առաջարկներից առաջիկայում կընտրվեն ներդրումային առումով ամենագրավիչները և կսկսվեն դրանց նախագծման աշխատանքները։
Աշխատանքային հանդիպման ընթացքում նշվել է, որ բացահայտվել են բոլոր այն մարզերը, որտեղ առկա է զբոսաշրջային գրավչության նոր կենտրոնների զարգացման ներուժ։ Օրինակ՝ նշվել է Սամշվիլդեում զբոսաշրջային ենթակառուցվածքների կազմակերպումը, ինչպես նաև Քվեմո Սվանեթիի Ռաճա-Լեչխումիի մարզում նոր հանգստավայրի ստեղծումը և երկրի մշակութային ժառանգության հուշարձանների շրջակայքում նոր զբոսաշրջային ծառայությունների առաջացման ներուժը:
Վարչապետի խոսքով, նոր ներդրումային առաջարկները կխթանեն ներդրողների հետաքրքրությունը Վրաստանում զբոսաշրջության ոլորտում ներդրումներ կատարելու համար, ինչը կազդի նոր աշխատատեղերի ստեղծման, մարզերի հավասար տնտեսական զարգացման և բնակչության բարեկեցության վրա։