Վրաստանում կկառուցվի շվեյցարական «Stadler» ընկերության տարածաշրջանային գործարանը
Գնացքներ արտադրող աշխարհի առաջատար, շվեյցարական «Stadler» ընկերությունը Վրաստանում նախատեսում է կառուցել տարածաշրջանային գործարան: Այդ նպատակով, Թբիլիսիի քաղաքապետարանի, «Վրաստանի երկաթուղու» և շվեյցարական «Stadler» ընկերության միջև կնքվել է փոխհամագործակցության հուշագիր:
Թբիիսիի քաղաքապետարանի տեղեկությամբ, փաստաթուղթը ստորագրել են Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, «Stadler» ընկերության սեփականատեր և վերահսկիչ խորհրդի նախագահ Պետեր Շպուլերը և «Վրաստանի երկաթուղու» գլխավոր տնօրեն Դավիթ Փերաձեն:
Նախքան հուշագրի կնքումը, կողմերի միջև կայացել է հանդիպում, որտեղ քննարկվել են հետագա համագործակցության հեռանկարները: Հանդիպմանը ներկա են գտնվել Թբիլիսիի փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեն և «Վրաստանի երկաթուղու»վերահսկիչ խորհրդի նախագահ Կոնստանտինե Գունցաձեն:
Թբիլիսիի քաղաքապետի հայտարարությամբ, նոր գործարանի շինարարությունը կարևոր է նաև աշխատատեղերի ստեղծման տեսանկյունից:
«Հուշագիր ենք կնքել «Stadler»-ի հետ, որը նկատի ունի բանակցությունների սկսում, որ Վրաստանում կարողանանք կառուցել մետրոյի վագոնների և երկաթգծի ուղևորատար վագոններ հավաքող-արտադրող գործարան: Սա շատ կարևոր է այն տեսանկյունից, որ կստեղծենք նոր աշխատատեղեր: Ինչպես նաև, կարևոր է տրանսպորտային ուղղությամբ, քանի որ նախատեսում ենք բերել նոր ավտուբուսներ և նորացնել ուղևորատար վագոնները: Մայրաքաղաքը կունենա նոր, արդի, եվրոպական տիպի «Stadler»-ի մակնիշի վագոններ»,- հայտարարել է Կախա Կալաձեն:
«Stadler» ընկերությունը նախատեսում է արտադրել ինչպես երկաթուղային ուղևորատար գնացքներ, այնպես էլ մետրոյի և տրամվայի տիպի ուղևորատար վագոոններ: Ընկերությունը պատրաստվում է Վրաստանից տարածաշրջանին ապահովել բարձրագույն չափանիշներին համապատասխան գնացքներով: