Վրաստանում հոգևորականը մեղադրվում է կանխամտածված սպանության փորձի մեջ
Վրաստանի Ղինծվիսի գյուղի վանքի հոգևոր սպասավոր Դավիթ (Կոբա) Կոբաիձեին խափանման միջոց է սահմանվել կալանքը: Որոշումը կայացրել է Գորիի շրջանային դատարանը: Նիստն անցկացվել է հեռավար ռեժիմում:
Նշված միջնորդությամբ դատարանին էր դիմել դատախազությունը: Դատախազության հայտարարությամբ, մեղադրյալը հանցանքը գործելուց հետո թաքնվել է, ինչպես նաև թաքցրել է զենքը և մեքենան: Պաշտպանող կողմը մեղադրյալին խափանման միջոցի տեսքով պահանջել էր սահմանել գրավ:
Ձերբակալվածը չի ճանաչում մեղքը:
Դատախազությունը Ղինծվիսիի վանքի հոգևորականին մեղադրանք էր առաջադրել ապրիլի 28-ին: Ղինծվիսիի վանքի հոգևորականը մեղադրվում է կանխամտածված սպանության փորձի և հրազենն անօրեն գնելու, պահելու և կրելու մեջ:
Հետաքննությամբ պարզվել է, որ 2020 թվականի ապրիլի 20-ին, երեկոյան ժամերին, Գորիի մունիցիպալիտետի Ռիեթի գյուղի տարածքում, Կ.Կ-ն հրազենից, որը գնել և պահում էր ապօրինաբար, ավտոմեքենայով երթևեկող Ս.Ժ.-ի ուղղությամբ կրակել է մի քանի անգամ: Ս.Ժ.-ին հաջողվել է խուսափել փամփուշտից: Իրավապահները Կ.Կ.-ին ձերբակալել են 2020 թվականի ապրիլի 27-ին: Հետաքննությունը շարունակվում է: