Վրաստանում բնակվող Թուրքիայի քաղաքացիները մայիսի 7-9-ը կարող են քվեարկել կայանալիք Թուրքիայի համընդհանուր ընտրություններին
Վրաստանում բնակվող Թուրքիայի քաղաքացիները մայիսի 7-9-ը կարող են քվեարկել կայանալիք Թուրքիայի համընդհանուր ընտրություններին

Այսօր մեկնարկել է արտասահմանում բնակվող Թուրքիայի քաղաքացիների համընդհանուր ընտրությունների քվեարկության գործընթացը։ Այս մասին տեղեկություն է տարածում «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը։

Տարբեր երկրներում բնակվող Թուրքիայի 3,4 միլիոն քաղաքացիները հնարավորություն կունենան իրենց ձայնը գրանցել նախագահական և խորհրդարանական ընտրություններում մինչև մայիսի 9-ը։ Թուրքիայի տարածքում ուղիղ քվեարկություն հնարավոր է միայն մայիսի 14-ին։

Թուրքիան Գերմանիայում ամենամեծ սփյուռքն ունի, որտեղ կարող են քվեարկել Թուրքիայի 1,5 միլիոն քաղաքացիներ։ Ֆրանսիայում 400 հազար թուրք ընտրող կա: Վրաստանում Թուրքիայի դեսպանատան տվյալներով՝ Վրաստանում գտնվող Թուրքիայի քաղաքացիները մայիսի 7-9-ը կարող են մասնակցել ընտրություններին։

Ըստ «Ասոշիեյթեդ պրես»-ի՝ վերջին ուսումնասիրությունների համաձայն՝ նախագահական ընտրություններում մի փոքր առավելություն ունի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն, ով հանդես է գալիս մի քանի կուսակցություններից բաղկացած «Ազգային դաշինքի» անունից։ Երկրորդ տեղում է երկրի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։