Հունվարի 22-ից Վրաստանի առաջին ալիքը հեռուստադիտողներին կառաջարկի աշխարհի ամենահայտնի անիմացիաներից մեկը՝ «Սմուրֆները»։
Առաջին ալիքով և հեռարձակողի 1tvplay.ge նոր թվային հարթակով ամեն օր հեռարձակվելու է վրացերենով բարձրորակ հնչյունավոր անիմացիայի 104 սերիա։ «Սմուրֆներ» անիմացիան երկու անգամ հաղթել է Էմմի մրցանակաբաշխության լավագույն մանկական սերիալ անվանակարգում։
«Առաջին ալիքի կարեւորագույն նպատակներից մեկը երեխաների եւ երիտասարդների լսարան ներգրավելն է, ինչին մենք հասնում ենք այս սեգմենտի համար հարմար հարթակում բարձրորակ արտադրանք առաջարկելով։ «Սմուրֆների» կախարդական աշխարհն անտարբեր չի թողնի ոչ մի երեխայի, դեռահասի կամ ծնողի։ Սա առաջին անգամը չէ, որ մեր ալիքը հեռուստադիտողին բացառապես առաջարկում է համաշխարհային ապրանքանիշի արտադրանք, 2020 թվականին Վրաստանի հանրային հեռարձակողն առաջինն էր, որ գործընկերության պայմանագիր կնքեց «Դիսնեյ» ընկերության հետ և հեռուստադիտողին առաջարկեց գնված 349 արտոնագրված ֆիլմեր և անիմացիաներ, պաշտոնական պայմանագրով, որը ներառում էր վրացերենով բարձրորակ կրկնօրինակում»,- ասել է Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին:
Հանրային հեռարձակողի խնդիրն է լինել հետաքրքիր և արդիական բոլոր տարիքի հանդիսատեսի համար և մշտապես թարմացվող հաղորդումներ առաջարկել երիտասարդ հանդիսատեսին։
«Սմուրֆների» պատմությունը սկսվում է 1958 թվականից, անիմացիան ցուցադրվում է աշխարհի 100 երկրներում և հնչում է 40 լեզուներով։ Նրա հերոսները, կախված իրենց հանրաճանաչությունից և կարևորությունից, ՄԱԿ-ի գործունեության դեսպաններն են և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տարբեր տարիների գովազդային դեմքերը։ Հանրային հեռարձակողի կողմից վրացերեն թարգմանված անիմացիան միացել է տարիների ընթացքում տարբեր լեզուներով հնչեցված «Սմուրֆների» մեծ ընտանիքին։