Վրաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար. Ուկրաինացիներն ու վրացիները ընտրել են կապեր հաստատել եվրատլանտյան հանրության հետ, ոչ մի երկիր իրավունք չունի փակել այդ ճանապարհը
Ուկրաինացիները, ինչպես վրացիները, նախընտրել են կապերն ամրապնդել եվրատլանտյան հանրության հետ: Ոչ մի երկիր իրավունք չունի խոչընդոտել իրենց ապագայի այս ուղին,- ասել է Վրաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Ռայան Հարիսը՝ Վրաստանում ԱՄՆ դեսպանատան հրապարակած տեսանյութում։
«Այսօր ես ուզում եմ ձեզ հետ խոսել տարածաշրջանում անվտանգության վերջին զարգացումների մասին։ Դեկտեմբերից ի վեր աշխարհը տեսել է ռուսական ռազմական մոբիլիզացիա Ուկրաինայի սահմանների երկայնքով: Վրացիները լավ են ճանաչում Ռուսաստանը, գիտեք, որ ռուսական ագրեսիան նորություն չէ: Ինչպես Ուկրաինայում և Մոլդովայում, Ռուսաստանը նույնպես տարածքներ է գրավել Վրաստանում։ Գիտեք ռուսական ագրեսիայի սարսափելի մարդկային գինը։ Այս շաբաթվա սկզբին ռուս պաշտոնյաները հայտարարեցին, որ մտադիր են դեէսկալացնել իրավիճակը և դուրս բերել զորքերը: Ցավոք, Ռուսաստանի գործողությունները չեն համապատասխանում նրանց խոսքերին։
Ինչպես ասել է պետքարտուղար Բլինկենը, «գործողությունները ավելի բարձր են խոսում խոսքերից»: Ցավոք, չնայած Ռուսաստանի պնդումներին, նա այժմ պատրաստ է 150.000 ռուս զինվորականներով՝ ծանր ռազմական սպառազինությամբ և արագ ներխուժման ընդունակ օժանդակ սարքավորումներով: Մենք հստակ չգիտենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, բայց ենթադրում ենք, որ Ռուսաստանը կփորձի պատրվակ ստեղծել հարձակման համար։ Մեր դաշնակիցներն ու գործընկերները նույն բանն են տեսնում։
ԱՄՆ-ն իր դաշնակիցների ու գործընկերների հետ դեռ փորձում է դիվանագիտական ճանապարհով լուծել այս հակամարտությունը։ Մենք Ռուսաստանին առաջարկում ենք դեէսկալացիայի հնարավորություն, բայց չենք հրաժարվում մեր գործընկերների և դաշնակիցների անվտանգությունից և ինքնորոշումից։ Ռուսաստանն ասում է, որ խաղաղ լուծում է փնտրում, բայց Ռուսաստանը պետք է հաստատի դա կոնկրետ գործողություններով։
Ուկրաինացիները, ինչպես վրացիները, նախընտրել են կապեր հաստատել եվրատլանտյան հանրության հետ: Ոչ մի երկիր իրավունք չունի խոչընդոտելու իրենց ապագայի այս ճանապարհը։
ԱՄՆ-ը կանգնած է Ուկրաինայի կողքին, Վրաստանի կողքին, որն ընտրել է անկախությունը, ազատությունն ու արժանապատվությունը։ Եթե Ռուսաստանը անտեսի մեր դիվանագիտական ջանքերը և նորից ներխուժի Ուկրաինա, դա կլինի պատերազմի ընտրություն: Եթե Ռուսաստանը կատարի այդ ընտրությունը, ապա ԱՄՆ-ի և մեր գործընկերների պատասխանը կլինի կտրուկ և վճռական։ Մենք չենք ընտրում առճակատումը, մենք նախընտրում ենք միասին աշխատել՝ պայքարելու համաշխարհային համաճարակի և բազմաթիվ այլ հրատապ ընդհանուր խնդիրների դեմ։ Դիվանագիտությունն այս հակամարտությունը լուծելու միակ խելամիտ ճանապարհն է։ Մենք ամուր և միասնաբար կանգնած ենք ռուսական ագրեսիայի դեմ»,- ասել է Ռայան Հարիսը։