Վրաստանն աշխարհում հինգերորդն է ուղղակի օտարերկրյա ներդրումների և ՀՆԱ-ի հարաբերակցությամբ
Համախառն ներքին արդյունքի հետ կապված՝ Վրաստանն ուղղակի օտարերկրյա ներդրումների լավագույն ցուցանիշներով աշխարհի 76 երկրների շարքում առաջին հնգյակում է։ Այս մասին տեղեկություն է տարածում «Make in Georgia»-ն։
Համապատասխան վարկանիշը հրապարակել է աշխարհի ամենաազդեցիկ բիզնես մեդիա հոլդինգներից մեկի՝ «Financial Times» խմբի անդամ «fDi Intelligence-ը Greenfield FDI Performance» ինդեքսում։
Բացի այդ, այս տարվա վարկանիշում Վրաստանը բարելավել է իր դիրքը 20 հորիզոնականով։
Համաձայն ինդեքսի՝ 2022 թվականին ՀՆԱ-ի համեմատ Վրաստանն արձանագրել է նախագծերի թվի ռեկորդային աճ և քառապատկել ներկայիս ցուցանիշը։
Նշենք, որ 2022 թվականին Վրաստանը ռեկորդային բարձր արտասահմանյան ուղղակի ներդրումներ է ներգրավել, որոնք կազմել են 2 մլրդ ԱՄՆ դոլար։
«Greenfield FDI Performance» ինդեքսում առաջատարն է Կոստա Ռիկան, որին հաջորդում են Հյուսիսային Մակեդոնիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Սերբիան։ Ցուցանիշով Վրաստանն առաջ է անցել այնպիսի երկրներից, ինչպիսիք են Պորտուգալիան, Լիտվան և Սինգապուրը։