Վրաստանից Ուկրաինա է ուղարկվել 25 միավոր բարձր հզորության գեներատորներ
Վրաստանից Ուկրաինա է ուղարկվել 25 միավոր բարձր հզորության գեներատորներ, որոնք վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանձնարարությամբ գնել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության համակարգի ներքո գործող «Վրաստանի պետական էլեկտրահամակարգը»։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ խոսքը 1,5 մլն լարի արդյունաբերական նշանակության գեներատորների մասին է, որոնց օգնությամբ հնարավոր է շտապ ռեժիմով աշխատեն հիվանդանոցները, սննդի օբյեկտները և այլ կարևոր նշանակության օբյեկտներ։
Գեներատորների բեռնման գործընթացին ներկա են եղել էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Ռոմեո Միքաուտաձեն և Ուկրաինայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովը, ովքեր անձամբ շնորհակալություն են հայտնել Վրաստանի կառավարությանը և վարչապետին ցուցաբերած օգնության համար։
«Ուրախությամբ պետք է նշեմ, որ Վրաստանի կառավարությունը Ուկրաինայի համար գնել է 25 հատ բարձր հզորության գեներատորներ, որոնք կօգտագործվեն արդյունաբերական նպատակներով՝ կլինիկաների, հիվանդանոցների, սննդի օբյեկտների և Ուկրաինայի այլ կարևոր ենթակառուցվածքների օբյեկտների համար։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ իմ անձնական երախտագիտությունը հայտնել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի որոշման համար՝ գնելու և Ուկրաինային բարձր էներգիայի գեներատորներ փոխանցելու վերաբերյալ։ Նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանի կառավարության բոլոր անդամներին այս որոշման արագ իրականացման համար, քանի որ բոլոր 25 էլեկտրական գեներատորներն այսօր կուղարկվեն Ուկրաինա»,- ասել է Ուկրաինայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը։
Մյուս կողմից, փոխնախարարը նշեց, որ Վրաստանի կառավարությունը, վրաց ժողովուրդը Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկի առաջին իսկ օրվանից ջանք չեն խնայում ուկրաինացի ժողովրդին հնարավորինս օգնություն ցուցաբերելու համար։ Նա հույս է հայտնել, որ այսօր Ուկրաինա ուղարկված բարձր հզորության գեներատորների խմբաքանակը գոնե մի փոքր կթեթևացնի ուկրաինացի ժողովրդի խնդիրները։