Վրաստանից չենք պահանջում Աբխազիայի պետության ճանաչումը, սակայն ուժ չկիրառելու մասին համաձայնագիրը մեզ կտա երկխոսության հնարավորություն. Ասլան Բժանիա
Բռնազավթված Աբխազիայի դե-ֆակտո նախագահ, Ասլան Բժանիան հայտարարում է, որ պատրաստ է կարգավորել հարաբերությունները Վրաստանի հետ: Այս մասին նա հայտարարել է հուլիսի 3-ին, «Ինտերֆաքսի» կողմից կազմակերպված առցանց մամուլի ասուլիսի ժամանակ:
«Մենք, Աբխազիայի քաղաքացիներ շահագրգռված ենք, որ Վրաստանի հետ ունենանք նորմալ հարաբերություններ: Խնդիրը մեր մեջ չէ: Մենք ճանաչում ենք վրացական պետությունը, ճանաչում ենք այն իրավունքները, որոնք բխում են Վրաստանի պետությունից: Սակայն այլ հարց է, երբ մեզ չեն ճանաչում: Չգիտեմ, թե ուր կտանի մեզ նման քաղաքականությունը, դա ապակառուցողական է»,- ասել է Բժանիան:
Բռնազավթված Աբխազիայի դե ֆակտո նախագահը խոսել է նաև Վրաստանի կառավարության՝ «Քայլ դեպի լավ ապագա» խաղարարար նախաձեռնության մասին: Ըստ նրա, փաստաթղթի նախաբանում ասվում է, որ Վրաստանի իշխանությունների կարևորագույն նպատակը խաղաղությունն է:
«Սա շատ լավ է, մենք ողջունում ենք նման մոտեցումը: Այս առումով ինձ համար անհասկանալի է, թե ինչու դեռ չի ստորագրվել Աբխազիայի դեմ ուժի չկիրառման մասին համաձայնագիրը, եթե խաղաղությունը Վրաստանի կառավարության և բնակչության համար հիմնական արժեքն է»,- նշել է Ասլան Բժանիան:
«Վրաստանից չենք պահանջում Աբխազիայի պետության ճանաչումը, սակայն ուժ չկիրառելու մասին համաձայնագիրը մեզ կտա երկխոսության հնարավորություն»,- ասել է դե ֆակտո նախագահը:
Վրաստանի և ՆԱՏՕ-ի միջև սերտ հարաբերությունների վերաբերյալ առաջադրած հարցին պատասխանելիս, Բժանիան ասել է, որ Աբխազիան սերտ համագործակցում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ: Նրա խոսքով, Աբխազիան շահագրգռված չէ հակամարտության սրմամբ, սակայն պետք է պատրաստ լինի դիմակայել հնարավոր ագրեսիային: