Վրաստանի խորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել են Եղիսաբեթ II թագուհու հիշատակը
Վրաստանի խորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել են Եղիսաբեթ II թագուհու հիշատակը

Վրաստանի խորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել են Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ II-ի հիշատակը։

«Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ 2-րդը երեկ մահացել է 96 տարեկան հասակում։ Ցավակցում եմ թագավորական ընտանիքին և Միացյալ Թագավորության ժողովրդին։ Ավելի քան 70 տարի Եղիսաբեթ 2-րդ թագուհին արժանապատվորեն կրել է թագավորական բարձրագույն տիտղոսը և խելամտությամբ ու խոհեմությամբ ղեկավարել Միացյալ Թագավորությունը դժվար ժամանակաշրջանում: Նա ազատատենչ ժողովուրդների, այդ թվում՝ Վրաստանի, մեր մշակույթի ու ժողովրդի բարեկամն ու համախոհն էր։ Սա մեծ կորուստ է ոչ միայն բրիտանացիների, այլև համաշխարհային հանրության ու Վրաստանի համար։ Համոզված եմ, որ նրա անունն ու ժառանգությունը դեռ երկար կմնան պատմության և գալիք սերունդների հիշողության մեջ։ Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել այս պատմական անձի հիշատակը», – ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին խորհրդարանի լիագումար նիստում։

Եղիսաբեթ II-ը մահացել է 96 տարեկան հասակում Շոտլանդիայում սեպտեմբերի 8-ին։