Վրաստանի խորհրդարանն ընդունել է «Վրացական երազանքի» նախաձեռնած Ուկրաինային սատարող բանաձևը
Վրաստանի խորհրդարանը կողմ է քվեարկել Ուկրաինային աջակցող բանաձեւին։ Բանաձեւն ընդունվեց 74 կողմ ձայներով, դեմ ոչ ոք չեղավ։ Գրանցումն անցել է 107 պատգամավոր։
Ուկրաինայում հնարավոր ռազմական էսկալացիայի վերաբերյալ Վրաստանի խորհրդարանի բանաձեւի տեքստը, որն այսօր ընդունվել է խորհրդարանում, ներկայացրել է «Վրացական երազանք» կուսակցությունը։ Փաստաթուղթը մշակել են խորհրդարանական մեծամասնության անդամներ Գիորգի Խելաշվիլին, Մակա Բոճորիշվիլին, Լևան Քարումիձեն, Գիվի Միքանաձեն և Թամար Տալիաշվիլին:
Տեքստում նշվում է, որ Վրաստանը դատապարտում է ցանկացած մտադրություն, որը կարող է ուղղված լինել ինքնիշխան պետության տարածքային ամբողջականության դեմ։
«Վրաստանի խորհրդարանը հենվում է Վրաստանի Սահմանադրության, օրենսդրության և միջազգային համաձայնագրերի վրա.
Ողջունում է միջազգային հարաբերություններում խաղաղության և համագործակցության սկզբունքների ճանաչումն ու հաստատումը.
Հավատարիմ է միջազգային կարգի սկզբունքներին և միջազգային իրավունքի միջազգայնորեն ճանաչված նորմերին, ներառյալ սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության և պետության ինքնիշխանության սկզբունքները.
Հայտնում է իր խորը մտահոգությունը Ուկրաինայում հնարավոր ռազմական էսկալացիայի կապակցությամբ և դատապարտում է ցանկացած մտադրություն, որն ուղղված է ինքնիշխան պետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, որը նոր վտանգ է ներկայացնում ոչ միայն Ուկրաինայի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար.
Հայտարարում է, որ անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին պետության ինքնիշխան իրավունքն է, և որ այդ իրավունքը ռազմաքաղաքական միջոցներով սահմանափակելու ցանկացած փորձ կտրականապես անընդունելի է.
Համարում է, որ Ուկրաինայում պատերազմի կանխումը պետք է լինի միջազգային հանրության գլխավոր մտահոգությունը.
Համերաշխություն է հայտնում բարեկամ ուկրաինացի ժողովրդին, որը կարող է լուրջ վնաս կրել ցանկացած հնարավոր ռազմական սրացումից։
«Հաշվի առնելով վերը նշվածը՝ Վրաստանի խորհրդարանը կոչ է անում Վրաստանի կառավարությանը դիվանագիտական գործիքների կիրառմամբ և ռազմավարական գործընկերների հետ սերտ համակարգմամբ շարունակել իր ներդրումը Ուկրաինայում պատերազմի կանխման գործում»,- ասված է բանաձևում։