Վրաստանի վարչապետը Օթար Դանելիային նշանակել է բիզնես օմբուդսմենի պաշտոնում
Վրաստանի վարչապետը Օթար Դանելիային նշանակել է բիզնես օմբուդսմենի պաշտոնում

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Օթար Դանելիային նշանակել է բիզնես օմբուդսմեն։

Իրակլի Ղարիբաշվիլին այսօր կառավարության աշխատակազմում հանդիպել է Օթար Դանելիայի հետ և հաջողություն մաղթել նրան հետագա գործունեության մեջ։

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ բիզնեսի աջակցությունը Վրաստանի կառավարության առաջնահերթությունն է, և ոլորտը կունենա առավելագույն աջակցություն, քանի որ բիզնեսի զարգացումը նախապայման է տնտեսական աճի և աշխատատեղերի ստեղծման համար։

Վարչապետը կոնկրետ հանձնարարականներ է տվել Բիզնես օմբուդսմենին՝ նշելով բիզնեսի հետ բաց համագործակցության, խոչընդոտների կրճատման և հնարավորինս քիչ բյուրոկրատիայի կարևորությունը։ Հանդիպմանը նաև ընդգծվել է բիզնեսի կողմից հանրային ծառայություններից օգտվելու առավելագույն հասանելիության կարևորությունը:

Օթար Դանելիան եղել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի առաջին տեղակալը, իսկ բիզնես օմբուդսմենի իրավասությունները կատարում էր բիզնես օմբուդսմենի տեղակալ Նինո Կվետենաձեն:

Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։