Վրաստանի վարչապետը հանդիպել է սենատոր Շահինի և կոնգրեսական Թերների հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ԱՄՆ սենատոր Ջին Շահինի և կոնգրեսական Մայք Թերների հետ։ Հանդիպմանը ուշադրություն է դարձվել Վրաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերությանը, ինչպես նաև երկկողմ հարաբերություններում առկա մարտահրավերներին։
Կառավարության ղեկավարն ընդգծել է հարաբերությունների վերսկսման և բարելավման անհրաժեշտությունը և ևս մեկ անգամ հաստատել դրա համար վրացական կողմի պատրաստակամությունը։
Վարչապետի խոսքով՝ Վրաստանը մնում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հուսալի դաշնակիցը և հույս ունի, որ երկկողմ հարաբերությունները կվերադառնան զարգացման դրական դինամիկային։
Հանդիպմանը մասնակցել են Վրաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ռոբին Դունիգանը, իսկ Վրաստանի կողմից՝ արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։