Վրաստանի վարչապետը և «Rothschild & Co.9»-ի գործադիր տնօրենը քննարկել են երկիրը տարածաշրջանային ֆինանսական կենտրոնի վերածելու ռազմավարությունը
Աշխարհի խոշորագույն ֆինանսական խմբերից մեկը՝ «Rothschild & Co»-ի պատվիրակությունը այցելել է Վրաստան և սկսել աշխատել երկիրը տարածաշրջանային կենտրոնի վերածելու ռազմավարության վրա: Համապատասխան համաձայնագիրը Վրաստանի կառավարության և «Rothschild & Co»-ի միջև ստորագրվել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ Բրյուսել կատարած այցի ընթացքում։ Այդ մասին տեղեկություն է տարածում կառավարության աշխատակազմի լրատվական ծառայությունը։
Կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ընկերության կառավարիչ տնօրեն Արիել Մալար դե Ռոտշիլդի գլխավորած պատվիրակությունն այսօր կառավարությունում հանդիպել է կառավարության ղեկավարի հետ։
«Զրույցի ընթացքում շեշտը դրվել է երկիրը որպես տարածաշրջանային ֆինանսական կենտրոնի կայացման վրա, որը կօգնի ներդրումներ ներգրավել, ստեղծել նոր աշխատատեղեր, կիսել ժամանակակից ֆինանսական և տեխնոլոգիական նորարարությունները։
Նշվել է, որ այս ուղղությամբ աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են։
Քննարկվել է նաև Թբիլիսիում և Գոնիոյում հատուկ միջազգային ֆինանսական գոտիների ստեղծման հարցը։
Ինչպես նշել է Իրակլի Ղարիբաշվիլին, Վրաստանի կառավարության համար առաջնահերթություն է, որ ֆինանսական գոտիներում գործող միջազգային ընկերությունների անձնակազմի զգալի մասը կազմեն Վրաստանի քաղաքացիներ, ինչը թույլ կտա նրանց ունենալ մասնագիտական և կարիերային զարգացում։
Հանդիպմանը ևս մեկ անգամ կարևորվել է Վրաստանում ներդրումային բարենպաստ միջավայրը և կապիտալի շուկայի զարգացումը, որը երկրի տնտեսական քաղաքականության կարևոր ուղղություններից է։
Վարչապետը «Rothschild & Co.»-ի գործադիր տնօրենին խոստացել է կառավարության առավելագույն աջակցությունը ռազմավարության վրա հնարավորինս արդյունավետ աշխատելու և կարճաժամկետ հեռանկարում կոնկրետ քայլեր ձեռնարկելու՝ Վրաստան օտարերկրյա ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու և միջազգային ֆինանսական ընկերությունների մուտքի համար։
Հանդիպմանը մասնակցել են «Rothschild & Co.»-ի ներկայացուցիչներ Պիեռ Ադելինը և Էլլա Տրեդը, «KAISER PARTNER»-ի գործադիր տնօրեն Շտեֆան Լինինգերը և ընկերության ներկայացուցիչ Մարկ Գոսմանը, իսկ վրացական կողմից՝ կառավարության ղեկավար Իլիա Դարչիաշվիլին»,-նշված է կառավարության վարչակազմի մամուլի ծառայության տեղեկատվությունում: