Վրաստանի պաշտպանության նախարարը Բրյուսելում մասնակցել է «Ռամշտայն» ձևաչափով հերթական հանդիպմանը
Վրաստանի պաշտպանության նախարարն այցելել է Բելգիայի Թագավորություն։ Իրակլի Չիքովանին մասնակցել է Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում անցկացված Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի՝ «Ռամշտայն» ձևաչափով 27-րդ հանդիպմանը։
Հանդիպմանը ներկա են եղել դաշինքի անդամ և գործընկեր երկրների պաշտպանության գերատեսչությունների ղեկավարներ և բարձր մակարդակի պաշտոնյաներ։
Միջազգային խմբի հանդիպումը բացել են Մեծ Բրիտանիայի պաշտպանության պետական քարտուղար Ջոն Հիլին և Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։
Նիստի մասնակիցները քննարկել են Ուկրաինայում ընթացող պատերազմի իրավիճակը և Ուկրաինային ռազմական օգնության և շտապ աջակցության անհրաժեշտությունը։
«Ռամշտայն» ձևաչափը ստեղծվել է ԱՄՆ-ի նախաձեռնությամբ 2022 թվականի ապրիլին, իսկ 2025 թվականի փետրվարի 13-ից այն համատեղ համակարգում են Մեծ Բրիտանիան և Գերմանիան։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։