Վրաստանի օդանավակայանները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ սպասարկել են 44 959 ուղևորով պակաս
Վրաստանի բոլոր հինգ օդանավակայանները – Թբիլիսին, Բաթումին, Քութաիսին, Մեստիան, Ամբրոլաուրին, 2019 թվականի հուլիսին սպասարկել են 571 848 ուղևորի, որը 44 959 ուղևորով պակաս է 2018 թվականի հուլիսի ցուցանիշից (616 807 ուղևոր),- այսպիսին են «Վրաստանի օդանավակայանների միության» տվյալները:
Գերատեսչության տեղեկությամբ, ուղևորահոսքի 7,3 տոկոսով նվազումը կապված է 2019 թվականի հուլիսի 8-ից Ռուսաստանի ուղղությամբ ուղիղ ավիաչվերթների դադարեցման հետ:
Դրա հետ մեկտեղ, 2019 թվականի հուլիսին Թբիլիսիի միջազգային օդանավակայանը սպասարկել է 384 632 ուղևորի, որը մոտ 10 տոկոսով (44 959 ուղևորով) պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ: 2018 թվականի հուլիսին Թբիլիսիի օդանավակայանը սպասարկել է 429 126 ուղևորի:
Նույն ժամանակահատվածում ուղևորահոսքը նվազել է նաև Բաթումիի միջազգային օդանավակայանում: 2019 թվականի հուլիսին Բաթումիի օդանավակայանի սպասարկումից օգտվել է 100 432 ուղևոր, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ պակաս է 10 893-ով: 2018 թվականի հուլիսին Բաթումիի օդանավակայանը սպասարկել է 111 325 ուղևորի:
Քութաիսիի միջազգային օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 14 տոկոս աճ: 2019 հուլիսին նշված օդանավակայանի ծառայությունից օգտվել է 85 738 ուղևոր, իսկ 2018 թվականի հուլիսին այդ ցուցանիշը կազմում էր 75 372 ուղևոր:
«Քութաիսիի օդանավակայանի ուղևորահոսքի վիճակագրության վրա մեծ ազդեցություն չի գործել Ռուսաստանի հետ ուղիղ ավիաչվերթների դադարեցումը, քանի որ նշված օդանավակայանից Ռուսաստանի ուղղությամբ իրականացվում էր ընդամենը երկու չվերթ»,- ասվում է Օդանավակայանների միության տեղեկությունում: