Վրաստանի ՆԳՆ-ն Թբիլիսիում՝ Քուռ գետի ձախ ափին տեղի ունեցած ավտովթարի գործով մեկ անձի է ձերբակալել
Վրաստանի Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները, իրականացված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում, ձերբակալել են Թբիլիսիում՝ Քուռ գետի ձախ ափին տեղի ունեցած ավտովթարի մեջ ներգրավված վարորդին՝ 2002 թվականին ծնված Ի.Ս.-ին։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ-ն։
Նախաքննության արդյունքում պարզվել է, որ Ի.Ս.-ն իր մեքենան վարելիս վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի հետևանքով մեկ այլ մեքենայի վարորդը կորցրել է ղեկի վերահսկողությունը և ընկել գետը։
«Հրշեջ-փրկարարներն արագ արձագանքի արդյունքում կարողացել են ավտոմեքենայում գտնվող ուղևորներից մեկին անվնաս դուրս բերել ջրից։ Մնացած ուղևորների որոնողական աշխատանքները շարունակվում են՝ սուզորդների խմբի և անհրաժեշտ փրկարարական տեխնիկայի մասնակցությամբ», – նշված է հաղորդագրությունում։
Դեպքի առթիվ նախաքննություն է ընթանում Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի հիման վրա։
Ավտովթարը տեղի է ունեցել անցած գիշեր՝ Թբիլիսիում։