Վրաստանի ներքին գործերի նախարարի առաջին տեղակալը հանդիպում է անցկացրել Վրաստանում աշխատանքային այցով գտնվող Թուրքիայի ՆԳՆ Ազգային ոստիկանության պատվիրակության անդամների հետ

16:19, 07.08.2026

Վրաստանի ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ռոնի Մեսխին հանդիպում է անցկացրել Վրաստանում աշխատանքային այցով գտնվող Թուրքիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության Ազգային ոստիկանության պատվիրակության անդամների հետ։

Պատվիրակությունը գլխավորում էր Մաքսանենգության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի դեպարտամենտի պետ Սերդար Բյույուքլեբլեբիջին։

Վրաստանի ՆԳՆ-ի տեղեկացմամբ՝ հանդիպման շրջանակներում կողմերը խոսել են երկու երկրների իրավապահ մարմինների միջև առկա համագործակցության և առաջնահերթ ուղղությունների մասին։ Ընդգծվել է համատեղ ջանքերով կոորդինացված աշխատանքի կարևորությունը հանցավորության դեմ արդյունավետ պայքարի գործընթացում։

Կողմերը քննարկել են նաև իրավապահ ոլորտում երկուստեք արդիական հարցեր և պլանավորել համատեղ ապագա գործողություններ։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել համագործակցությունն էլ ավելի ինտենսիվ վարելու վերաբերյալ։

Հանդիպմանը մասնակցել են նաև Կենտրոնական քրեական ոստիկանության, Պարեկային ոստիկանության, Աջարիայի ոստիկանության և Միջազգային հարաբերությունների դեպարտամենտների ղեկավարները, ինչպես նաև Թուրքիայի Հանրապետությունում Վրաստանի ոստիկանության ատաշեն։

Այցի շրջանակներում անցկացված հանդիպման ավարտին պատվիրակության ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել վրացական կողմին արդյունավետ հանդիպման և ջերմ հյուրընկալության համար։

Նմանատիպ