Վրաստանի նախագահը Եվրախորհրդարանի դիտորդական առաքելության հետ քննարկել է նախընտրական շրջանում ստեղծված իրավիճակը
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր հանդիպել է աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Եվրախորհրդարանի դիտորդական առաքելության հետ։
Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Օրբելիանիների պալատում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են նախընտրական գործընթացները և երկրում տիրող իրավիճակը, խոսվել է քաղաքական միջավայրի բևեռացման և դրա հաղթահարման մասին։ Զրույցի ընթացքում ընդգծվել է նաև Վրաստանի նախագահի ինստիտուտի դերը գործընթացում։
Ինչպես նշել է Սալոմե Զուրաբիշվիլին, երկրի համար խնդիր է մնում քաղաքական միջավայրի բևեռացումը, նախագահը առաջին իսկ օրվանից ամեն ջանք գործադրում է այն նվազեցնելու համար, և դա լինելու է ընտրություններից հետո նրա գործունեության առաջնահերթություններից մեկը։
Նախագահի խոսքով, կտրուկ բևեռացման պատճառով շատ կարևոր հարցեր, ինչպիսիք են օկուպացումը, համաճարակը և պատվաստումը, տարածաշրջանային և սևծովյան անվտանգության խնդիրները մնում են առանց ուշադրության, և ընտրություններից հետո երկիրը պետք է ակտիվորեն շարունակի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման գործընթացը և պետական ինստիտուտների ամրապնդումը։
Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սալոմե Զուրաբիշվիլին Եվրախորհրդարանի պատվիրակությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել Վրաստանի օկուպացված տարածքներում հումանիտար ծանր իրավիճակի մասին, որն արտահայտվում է առողջապահական ծառայությունների և պատվաստման սահմանափակ հասանելիությամբ, ինչպես նաև տեղաշարժի ազատության սահմանափակմամբ:
Նախագահի խոսքով, կարևոր է, որ Վրաստանի օկուպացված շրջանների հարցը հրատապ քննարկվի միջազգային հանրության օրակարգում՝ բոլոր մակարդակներով։