Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին Սերբիայում պաշտոնական այցի արդյունքները ամփոփեց։
Ինչպես լրագրողներին հայտնել է Ղավելաշվիլին, Սերբիայում նա ունեցել է չափազանց արդյունավետ հանդիպումներ։
«Սերբիայում շատ արդյունավետ հանդիպումներ եմ ունեցել։ Նախ և առաջ ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին՝ ջերմ, գործնական և գործընկերային հանդիպման համար։ Մենք քննարկեցինք բազմաթիվ հարցեր։ Կան մի շարք մարտահրավերներ, որոնց երկուսն էլ միաժամանակ ենք բախվում։ Գործնականում նույն մարտահրավերներն են՝ կապված Եվրոպական Միության հետ։ Մեր երկրները՝ սերբ և վրաց ժողովուրդները, վաղուց են միմյանց աջակցում, իրար մեծապես գնահատում։ Դա ցանկացած վրացու համար հպարտանալու առիթ է։ Մենք շատ ընդհանրություններ ունենք, ունենք նույն հավատքը։ Բացի այդ, այն պայքարի մեթոդները, որոնցով սերբ ժողովուրդը դարեր շարունակ պաշտպանում է իր ազգային շահերը, գրեթե նույնական են այն մեթոդներին, որոնք կիրառում է վրաց ժողովուրդը», – նշել է Միխեիլ Ղավելաշվիլին։
Նրա խոսքով, նախատեսվում է ստեղծել հանձնաժողով՝ առևտրատնտեսական հարցերի վերաբերյալ։
«Քննարկվում են բազմաթիվ թեմաներ, այդ թվում անդրադարձանք գյուղատնտեսության հարցերին, որոնց նկատմամբ մեծ հետաքրքրություն կա, ինչպես նաև ռազմական արտադրությանը։ Ընդգծում եմ, որ ինչպես Վրաստանից են այցելում Սերբիա, այնպես էլ Սերբիայից՝ Վրաստան։ Համոզված եմ, հարաբերությունները կխորանան տարբեր ուղղություններով՝ նախ և առաջ առևտրատնտեսական, ինչպես նաև մշակույթի, սպորտի, կրթության ոլորտներում։ Նախատեսվում են համատեղ ճամբարներ, որպեսզի սերբ երիտասարդները այցելեն Վրաստան և հակառակը», – ասել է Ղավելաշվիլին։
Նա նաև նշել է, որ այցի ընթացքում քննարկվել են քաղաքական մարտահրավերներ։
«Երկու երկիրն էլ մեզ համարում ենք Եվրոպայի մաս։ Շատ հաճախ Բրյուսելից երկակի ստանդարտներ են կիրառվում ինչպես Վրաստանի, այնպես էլ Սերբիայի նկատմամբ՝ անարդար մոտեցում։ Այս առումով մենք աջակցում ենք միմյանց, ունենք միասնական տեսակետ՝ կարծում ենք, որ Վրաստանն ու Սերբիան արժանի են ավելի մեծ հարգանքի։ Այն արժեքները, որոնք մենք պաշտպանել ենք մեր հասարակության հետ միասին Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմի ժամանակ, վերաբերում էին ազգային շահերին։ Հիշում եք, թե ինչպիսի ճնշում կար պատժամիջոցների հարցում։ Մենք սկզբունքային դիրքորոշում ունեցանք և չմիացանք պատժամիջոցներին։ Նախագահ Վուչիչն էլ նշեց, որ մենք առանձնանում ենք տնտեսական առաջընթացով, հենց այն չափանիշներով, որոնց մասին ես ևս խոսեցի։ Ոչ մի շաբաթ կամ ամիս չի անցնում առանց այն բանի, որ Վրաստանը չհիշատակվի միջազգային վարկանիշներում տարբեր ուղղություններով։ Դա վերաբերում է թափանցիկությանը, կառավարության աշխատանքին, դատական համակարգին, տնտեսական աճին և այլն։ Գործընթացը կշարունակվի։ Այդպիսի երկրները, որոնք գործում են մեր նման, շատ բարձր են գնահատում այդ ամենը։ Ես ուրախ եմ, որ Սերբիայում ունեցա այսպիսի լավ, գործնական և ջերմ հանդիպում։ Նմանապես, շատ լավ հանդիպում եղավ Սերբիայի վարչապետի և խորհրդարանի նախագահի հետ», – հայտարարել է Միխեիլ Ղավելաշվիլին։