Վրաստանի իշխանությունը շարունակում է արտասահմանում գտնվող քաղաքացիների հայրենիք աստիճանաբար և կազմակերպված վերադարձի գործընթացը: Միջգերատեսչական համակարգող խորհրդի կողմից սահմանված ավիաչվերթների շրջանակներում այսօր իրականացվելու է հատուկ չվերթ Պրահայից՝ Բաթումիի ուղղությամբ:
Նշված չվերթից կօգտվեն Վրաստանի քաղաքացիները Չեխիայից, Սլովակիայից, Գերմանիայից, Լեհաստանից և Ավստրիայից: Ուղևորների թվում են ուսանողներ, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, ուռուցքային հիվանդություններով տառապող մարդիկ և կորոնավիրուսի տարածումից հետո անապաստան մնացած քաղաքացիներ:
Համակարգող խորհրդի կողմից սահմանված ավիաչվերթների շրջանակներում արդեն իրականացվել են չվերթներ աշխարհի տարբեր քաղաքներից, այդ թվում, Բեռլինից, Վիեննայից, Լոնդոնից, Աթենքից, ԱՄՆ-ից, Լարնակայից, Ամստերդամից, Պեկինից, Հռոմից, Փարիզից և այլն:
Մայիսի 1-ի տվյալներով, Վրաստանի դիվանագիտական առաքելությունները տեղում օգնություն են ցուցաբերել 18 033 մարդու, իսկ կառավարության աջակցությամբ հայրենիք է վերադարձել Վրաստանի 9 212 քաղաքացի:
Առաջիկայում նախատեսված է իրականացնել չվերթներ Աթենքից, Ամստերդամից և Բեռլինից, ինչպես նաև, Հորդանանից և Սաուդյան Արաբիայից: