Վրաստանի քաղաքացիներին օրինական կերպով աշխատանք տրամադրելու պատրաստակամություն են հայտնել նաև Բուլղարիան և Գերմանիան
Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վախտանգ Մախարոբլիշվիլին մեկնաբանություն է անում Վրաստանի քաղաքացիներին օրինական կերպով աշխատանք տալու տեսանկյունից կնքված պայմանագրի շուրջ:
Ինչպես ասում է Մախարոբլիշվիլին, օրենքի հաստատումից հետո կարևոր են այն հետագա տեխնիկական աշխատանքները, որոնք պետք է անցկացվեն Ֆրանսիայի և Վրաստանի միջև:
«Ուրախալի է, որ այն գործընթացը, որը Ֆրանսիայի հետ ընթանում էր երկար ժամանակ, ավարտվել է հաջողությամբ: Պայմանագիրը վավերացվել է Ֆրանսիայի խորհրդարանի կողմից և այն արդեն ստորագրել է Ֆրանսիայի նախագահը: Այս պայմանագրով, 150 երիտասարդի, ուսանողի հնարավորություն կտրվի ուսումն ավարտելուց հետո Ֆրանսիայում և Վրաստանում բարձրացնել որակավորումը: Այդ ժամանակահատվածում նրանք կունենան բնակության իրավունք: Աշխատանքն ավարտելուց հետո կվերադառնան իրենց երկրներ: Այս քվոտան վերաբերում է երկու կողմերին, ինչպես Վրաստանին, այնպես էլ Ֆրանսիային:
Բացի այդ, ևս 500 քվոտա սահմանված կլինի երկու երկրներիվրա, որը վերաբերում է արդեն հասուն մարդկանց: Նրանք կունենան որակավորումը բարձրացնելու և աշխատելու հնարավորություն:
Այս պայմանագրի կնքումը չի նշանակում, որ Վրաստանի քաղաքացին պետք է վաղնևեթ մեկնի Ֆրանսիա աշխատանք փնտրելու: Այժմ կարևոր են այն հետագա տեխնիկական աշխատանքները, որոնք պետք է իրականացվեն երկու երկրների միջև»,- հայտարարում է արտաքին գործերի նախարարի տեղակալը:
Նրա մեկնաբանմամբ, պետք է նույնականացնել կոնկրետ մասնագիտությունները, որոնց ուղղությամբ կա պահանջ:
Մախարոբլիշվիլու հայտարարությամբ, նշված հարցով խորհրդակցություններ են ընթանում նաև այլ երկրների հետ: Ինչպես ասում է նախարարի տեղակալը, բնակության և շրջանաձև միգրացիայի մասին համաձայնության պատրաստակամություն են հայտնել նաև Բուլղարիան և Գերմանիան: